Image result for Սուրբ գիրքՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (27 դեկտեմբեր 2016թ.)

Այս երրորդ անգամ էր, որ Հիսուսը երևաց աշակերտներին՝ մեռելներից հարություն առնելուց հետո։
Երբ նրանք կերան, Հիսուսը Սիմոն Պետրոսին ասաց.
-Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ սրանցից ավելի։
-Այո՛, Տե՛ր,- պատասխանեց նա,- դու գիտես, որ սիրում եմ քեզ։
-Արածեցրո՛ւ իմ գառներին,- ասաց Հիսուսը նրան։
Նա դարձյալ հարցրեց.
-Սիմո՛ն, Հովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ։
-Այո՛, Տե՛ր,- պատասխանեց նա,- դու գիտես, որ սիրում եմ քեզ։
-Արածեցրո՛ւ իմ ոչխարներին,- ասաց Հիսուսը նրան։
Երրորդ անգամ նրան հարցրեց.
-Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ։
Պետրոսը տխրեց, որ նա երեք անգամ հարցրեց իրեն, թե՝ «Սիրո՞ւմ ես ինձ»։ Եվ ասաց նրան.
-Տե՛ր, դու ամեն ինչ գիտես և գիտես, որ սիրում եմ քեզ։
Հիսուսը նրան ասաց.
-Արածեցրո՛ւ իմ ոչխարներին։
Եվ ավելացրեց.
-Լա՛վ իմացիր, երբ դու երիտասարդ էիր, ինքդ էիր կապում գոտիդ և գնում, ուր որ ուզում էիր։ Բայց երբ ծերանաս, ձեռքերդ պիտի վեր բարձրացնես, և ուրիշները պիտի կապեն գոտիդ ու քեզ տանեն այնտեղ, ուր դու չես ուզում գնալ։
Հիսուսն այս ասաց՝ ցույց տալու համար, թե Պետրոսն ինչպիսի մահով պիտի
փառավորի Աստծուն։ Ապա Հիսուսն ասաց նրան.
-Հետևի՛ր ինձ։

Պետրոսը հետ դարձավ և տեսավ, որ այն աշակերտը, ում Հիսուսը սիրում էր, հետևում է իրեն. նա, որ ընթրիքի ժամանակ Հիսուսի կողմը դառնալով՝ հարցրել էր. «Տե՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»։ Պետրոսը, տեսնելով նրան, հարցրեց Հիսուսին.
-Տե՛ր, իսկ սա ի՞նչ պիտի լինի։
Հիսուսը պատասխանեց.
-Եթե ես ուզում եմ, որ սա ապրի, մինչև որ ես գամ, քեզ ի՞նչ փույթ. դու հետևի՛ր ինձ։
(Հովհաննեսի ավետարան 21:15-22)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել