Մինչև հեքիաթս սկսելը ուզում եմ ասել, որ հուսով եմ՝ դու գոյություն ունես, ու էդ ա ինձ համար ամենաիսկական հեքիաթը:

Այդ առավոտյան սենյակս մտնելու համար պետք կլիներ ձեռքերով ծուխը վանել: Ընդհանրապես իմ սենյակում ծուխն ավելի էր իշխում, քան ես: Սիգարետներն ամենաուրեք էին, մահճակալի տակ, գրքերի արանքում, պատին կախված ֆոտոյի շրջանակին ու նույնիսկ այն բազմաթիվ դատարկ շրջանակների վրա, որոնք կախված էին չորս պատերիցս միայն մեկից: Իմ սենյակը մեկ բառով ես կնկարագրեի մոխրագույն: Դա նրա արդյունքն էր, որ սենյակս ներկված էր սևով ու սպիտակով, իսկ այդ երկուսի արդյունքը մոխրագույնն է: Եթե ինձ մնար, բոլոր պատերս ապակուց կլինեին, քանի որ աշխարհից թաքցնելու ոչինչ չունեի, միայն մի վախ էր հետ պահում այդ մտքից… Իսկ եթե իմ աշխարհը բախվեր քո ու մնացածի աշխարհների հետ, ամեն ինչ ջադուփշուր լինի, ես կորցնեմ երազելու ունակությունը..այդ դեպքում կկորցնեմ իմ դեմքը, ես կնայեմ հայելու մեջ ու ոչ մեկին չեմ գտնի: Հանեցի սև ակնոցները, որոնք դեռ երեկվանից աչքերիս էին, ու քանի որ ամբողջ գիշեր չէի քնել, դրանք հանելու անհրաժեշտությունը չէի զգացել: Երեկ դրանց հետևում ծածուկ մնացին և աչքերս, և հայացքս, և տրամադրությունս: Երեկ ես ուզում էի, որ սենյակս ոչ թե լինի կարմիր, ինչպես որ երազում էի, այլ լինի կանաչ, քանի որ քո կազմը ուներ այդ գույնը: Երեկ ես քեզ իսկապես գտա ու կարող էի քեզ կորցնել, ու այդ միտքը ինձ հանգիստ չէր տալիս…ու դա նույնպես երեկ էր…
-Ուզում եմ սենյակս կարմիր լինի, որովհետև դա կրակի գույնն է, պայքարի, կյանքի: Երբեք չեմ խոսել այդ մասին, ինձ միշտ թվում էր, թե դա չափազանց ծանր աշխատանք է, փոխել սենյակի գույնն ու բովանդակությունը:
-Հասկանում եմ:
-Չես հասկանում,քո կազմը կանաչ գույն ունի, մտածե՞լ ես՝ ինչո՞ւ կանաչ ու ոչ կարմիր կամ մոխրագույն:
-Ես մինչև քոնը դառնալը հաճախ էի փոխում կազմիս գույնը, որ ինձ քո գրքերի բազմության մեջ չգտնես: Վախենում էի: Իսկ հիմա ես այն կազմով եմ, որով դու ինձ գտար, կանաչով… Չգիտեմ, իմ կազմից հաղթանակի հոտ է գալիս, ուզո՞ւմ ես փոխեմ:
-Չէ, ուղղակի հարցրի: Չեմ ուզում կազմդ նոր լինի, ուզում եմ լինի հենց այսպիսին, ինչպիսին գտա քեզ, հին, տեղ-տեղ մաշված ու քրքրված, բայց կանաչ: Մենակ մի բան չհասկացա, ի՞նչ հաղթանակ:
-Հետո կհասկանաս, երևի… Երբ քեզ գտա ու բացեցի առաջին էջը, սև հասարակ մատիտով նշումներ կային արած տողերիդ արանքում: Անկախ ինձնից այդ տողերին սկսեցի ավելի մեծ ուշադրություն դարձնել: Հետո սկսեցի խեղդվել այն մտքից, որ քո կանաչ կազմն ուրիշի ձեռքում է եղել, քո տողերի արանքով մատիտ է սահել, ու ուրիշի սիգարետի հոտը կարող էր քո էջերից գալ, դրանք կդառնային քո պարունակության մի մասը, ու քո էջերը կսկսեին ծխել…
-Դու իմն ես չէ՞:
-Չգիտեմ, դու միայն կարդացել ես ինձ, իսկ քոնը լինելը միայն դու կզգաս:
-Իմն ես, ես գիտեմ… Ես ուզում եմ թաթախվել քո բոլոր պարբերությունների ու նախադասությունների մեջ, ուզում եմ, որ քո մտքերը ծորան իմ վրայով, ու քո կանաչ կազմի հաղթանակը զգամ: Ի միջի այլոց, հասկացա ինչ նկատի ունեիր հաղթանակ ասելով: Այսքան ժամանակ գիրք կարդալուց հետո ես ինձ հաղթող եմ զգացել, որովհետև ունեցել եմ նրանց ու տիրացել, իսկ հիմա դու ես հաղթող, որովհետև ես քոնը դարձա, դու ինձ քոնը դարձրիր: Ես չեմ պարտվել, ուղղակի դու ես հաղթել, հիմա սենյակս քեզնով է շնչում, նույնիսկ սենյակիս գույնը ճշգրիտ չեմ կարողանում ասել…
-Սերը ծանր աշխատանք է, շատ…Դու միշտ էլ սիրել ես գրքեր, քո սենյակում միակ բանը, որ սրբորեն պահպանված է, քո պահարանն է, որտեղ գրքեր են, գրքեր ու էլի գրքեր:
-Չես հասկանում: Եթե ընկնող աստղ տեսնեիր, երազանք կպահեի՞ր:
-Չէ…Երևի…այսինքն հաստատ չէ, չէի պահի... Իսկ եթե իրականանա՞: Ի՞նչ պետք ա անեմ էդ դեպքում: Ես սիրում եմ իմ երազանքը ու չեմ հրաժարվի նրանից, նույնիսկ եթե դրա պատճառը այն իրականացնելը լինի:
-Ես ուզում եմ բոլոր դատարկ շրջանակները լցնեմ քո էջերով, ու դրանք իմ համար կդառնան աստղեր, ես կունենամ իմ սեփական աստղաբույլը իմ սենյակում, որի գույնը ճշգրիտ որոշել չեմ կարող:
-Քո շրջանակներից ամենամեծի մեջ ֆոտո կա, կպատմե՞ս դրա մասին?
-Պատմելու բան չկա, ես ուղղակի սիրում եմ այդ ֆոտոն, շատ, ինքնամոռաց: Չգիտեմ ինչի, ուղղակի երևի ֆոտոյի աղջիկն ու տղան էլ իրար են սիրում, երևի դրա համար, իսկ ես էլ իրենց սերն եմ սիրում, սենց մի բան… -Հաճա՞խ ես անշունչ առարկաներին սիրահարվում, էն էլ ինքնամոռաց:
-Ամեն անշունչ առարկայի չես համարձակվի սեր նվիրել՝ իմանալով, որ սերդ անփոխադարձ կլինի:
-Ես էլ քո համար հերթական անշունչ առարկան եմ, ես գիրք եմ ընդամենը, կանաչ կազմով:
-Քեզնով իմ սենյակը շնչում է, առաջ իմ սիգարետով էր շնչում, հիմա՝ քեզնով, ու երևի ես ավելի անշունչ եմ, քան դու: Քո ամեն տառը իմն ա, նույնիսկ քո էջերը համարակալող թվանշաններն են իմը… Սենյակը փոխվեց…սիգարետի փոխարեն ծաղիկներ էին, մոխրագունի փոխարեն Երկնագույն, Երկնքի նման թափանցիկ ու սահմաններ չիմացող երկնագույն:
-Դու հիմա բաց գիրք ես իմ առաջ, ու ես ոչ թե կարդում եմ քեզ, այլ գրում եմ քո բովանդակությունը: Չես վախենում չէ՞: Ես քեզ մենակ չեմ թողնի, երևի…
-Չես վախեցնի: Ես քոնը դարձա, չնայած կարծում էի, որ կպատռես, կհոշոտես, որ չես հասկանա ու երբեք քոնը չեմ դառնա, որ իմ հաղթանակը չես ընդունի: Իսկ հիմա ասում ես՝ գրում եմ բովանդակությունդ: Գիտես, եթե մի օր հասկանաս, որ քեզ ուրիշ կազմով գիրք է պետք, ես էլ երբեք չեմ փոխի կազմս, ես ուղղակի քո շրջանակներից կվերցնեմ թերթերս, կդառնամ թիթեռ, ու թևերս ոչ թե կանաչ կլինեն, այլ քամու գույն կունենան: Ես միշտ էլ քո համար ելքեր կգտնեմ՝ և´ քեզ երջանկացնելու, և´ քեզ հանգիստ թողնելու:
-Ես քեզ մենակ չեմ թողնի, հաստատ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել