Օրվա խորհուրդը /27.03.2012/
Մեծ պահքի 37-րդ օր /Ա Կորնթ. 12.8-27/
Եղանակի թելադրած տրամադրությանն է նման նաև այսօրվա հոգևոր խորհուրդը: Առաքելական թղթի հատվածը վերաբերում է մեզ քրիստոնյաներիս և Քրիստոսի մեկ մարմին լինելու մեր գիտակցությանը: <<Ինչպես մեկ է մարմինը և ունի բազում անդամներ, և մարմնի այդ բազում անդամները բոլորը մեկ մարմին են, այնպես էլ` Քրիստոս. քանզի մեկ Հոգով մեկ մարմին լինելու համար մկրտվեցինք մենք ամենքս>>: Այսպես մենք ամենքս, որ մկրտվեցինք Հայոց Եկեղեցու ավազանում և ծնունդ առանք դրանից, մեկ մարմին ենք կազմում և պարտավոր ենք ապրել Քրիստոսի մեկ մարմին լինելու և մնալու նույն գիտակցությամբ: Սակայն ինչպես մարմնի անդամների մեջ կա կախվածություն, փոխկապակցվածություն և հարաբերություն, այնպես և քրիստոնյաներիս միջև պիտի լինի այդ երբեմն աներևույթ, սակայն իրականում զորեղ ու պահպանիչ, գոտեպնդող կապը: Կան մեզանում մարդկիկ, ովքեր կյանքի ինչ-ինչ պայմանների թելադրանքով ակամա հայտնվում են տարբեր փորձությունների մեջ, նաև գայթակղվում տարբեր կրոնական հոսանքների դյութիչ ճառերով ու խոստումներով, ապա մոլեռանդ կերպով սկսում կամակատարը լինել շատ դեպքերում անհայտ մղումներով քայքայիչ ուժերի ու պաշտամունքների: Առաքյալն ասում է նրանց. <<Եթե ոտքն ասի` քանի որ ձեռք չեմ, այդ մարմնից չեմ, դրանով չի դադարում նույն մարմնից լինելուց: Եվ եթե ականջն ասի` քանի որ աչք չեմ, այդ մարմնից չեմ, դրանով չի դադարում նույն մարմնից լինելուց>>: Ուստի, եթե անգամ խաբվածներն ու գայթակղվածներն ասում են, թե նույն մարմնից չեն, այդպես չէ. մենք ամենքս մեկ մարմին ենք կազմում ի Քրիստոս և պետք է պահպանենք այդ մարմինն ամբողջ ու անխռով: Այդ մարմնի մեջ մենք բոլորս տարբեր գործառույթներ ունենք, բոլորիս պարտականություններն էլ պատվական են և հարգելի, սակայն մենք պետք է անդրադառնանք, թե որքան է տկարանում այդ մարմինը, երբ մենք դադարում ենք մեր շնորհներն ու կարողություններն ի սպաս դնել Քրիստոսին, երբ մկրտությունը դառնում է սոսկ ազգային սովորություն, իսկ տարբեր կրոնական կազմակերպություններով ու հոսանքներով թռչկոտելը` հնարավորություն` ավելիով հագուրդ տալու կյանքի զանազան պահանջներին: <<Բայց արդ, բազում անդամներ կան, սակայն` մեկ մարմին: Աչքը չի կարող ասել ձեռքին, թե` ինձ պետք չես. և կամ նույն ձևով գլուխը` ոտքերին, թե` ինձ պետք չեք>>: Բոլորս, իբրև Քրիստոսի հավատավոր հոտի անդամներ, Հայ Եկեղեցու զավակներ, անհրաժեշտ ենք միմյանց, բոլորիս Աստված պատիվ է ընծայել, <<որպեսզի մարմնի մեջ բաժանումներ չլինեն, այլ որպեսզի այդ անդամները նույն հոգը տանեն միմյանց նկատմամբ: Եվ եթե մի որևէ անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները. և եթե մի անդամը փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները>>: Ինչպես և ազգությունը, անջնջելի է Հայ Եկեղեցու կնիքը մեր միևնույն Մարմնի գայթակղված, խոտորված, վիրավոր անդամների վրայից, որքան էլ որ դա ցանկանան կամ հայտարարեն: Սակայն այդ ամենով հանդերձ մենք պարտավոր ենք նրանց չվանել, այլ նրանց նկատմամբ նախանձախնդրությամբ, համբերությամբ ու սիրով առավել հոգատարություն ցուցաբերել և ցույց տալ ետ դարձի ճանապարհը դեպի սիրող Մայրը` Առաքելական Ս. Եկեղեցին և Ընտանիքը` Քրիստոսակիր հայոց ազգը: Օրվա խորհուրդը մեզ թելադրում է պարզապես անկախ ամեն ինչից հոգ տանել մեր կողքինի նկատմամբ, ապրեցեք Սիրով: