Barometer.am-ը գրում է.
Դեկտեմբերի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը:
Հ. Մխիթարյանը հանձնարարել է աշխատակազմին և Փրկարար ծառայության տնօրենին պատշաճ կերպով նախապատրաստվել տոնական օրերին, խիստ հսկողություն սահմանել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ մարզերում՝ ուշադրության կենտրոնում պահելով ճանապարհներին արգելափակված քաղաքացիներին:
Այսօր արդեն մարզերում տեղադրված ժամանակավոր հենակետերը կսկսեն իրենց աշխատանքը: Այդ շարժական հենակետերում փրկարարները շուրջօրյա ծառայություն են իրականացնում, ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերում՝ տրամադրելով տաք սնունդ և առաջին բուժօգնություն:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենի փոխանցմամբ՝ փրկարար ծառայությունը դեկտեմբերի 29-ից աշխատելու է ուժեղացված ռեժիմով՝ իրականացնելով շուրջօրյա հերթապահություն:
Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը ևս նշել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվում՝ տոնական օրերն անվտանգ անցկացնելու նպատակով:
"Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն" ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, անդրադարձել է ընթացիկ աշխատանքներին: Ինչպես կանխատեսվել էր՝ հանրապետությունը շաբաթ և կիրակի օերերին գտնվել է ցիկլոնի ազդեցության տակ, առատ տեղումներ են գրանցվել ամբողջ տարածքում: Ձյան շերտը կազմել է 10-15 սմ: Լ. Վարդանյանը հայտնել է, որ տոնական օրերին՝ մասնավորապես դեկտեմբերի 31-ից նոր ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք, կանխատեսվում է առատ ձյուն, սակայն ջերմաստիճանի նվազում չի սպասվում: Արդեն գրանցված ջերմաստիճանը կպահպանվի՝ հասնելով -1, -3-ի:
"ՍՊԾ" գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանը զեկուցել է, որ նախորդ շաբաթ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում տեղադրվել է Շվեյցարիայի Տեխնոլոգիական դաշնային ինստիտուտի կողմից տրամադրված թվային 2 աքսելերոգրաֆ (ուժեղ շարժեր գրանցող սարք) և առաջիկայում նախատեսվում է տեղադրել նաև երրորդը: Ծառայությունը հանրապետության և ԼՂՀ տարածքում 14 շենք-շինությունների տեխնիկական և սեյսմակայունության վիճակի գնահատում է կազմակերպել, ինչպես նաև՝ դասընթացներ է անցկացրել ուսումնական հաստատությունների աշխատակազմի և աշակերտների համար:
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը զեկուցել է, որ ավարտվել է «911» ծառայության և այլ գերատեսչությունների աշխատակիցների համար կազմակերպված վերապատրաստման գործընթացը:
Նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը հայտնել է, որ ԼՂՀ և Սյունիքի մարզի 10 համայնքներում տեղադրվել է աղետների վաղ ազդարարման համակարգ, նախատեսվում է ծրագիրը շարունակել նաև խոշորացված համայնքներում:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների, ինչպես նաև՝ միջհամայնքային և միջպետական ճանապարհների անցանելիության մասին։ Բոլոր ավտոճանապարհները ներկա պահին հիմնականում անցանելի են, դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի և Տավուշի մարզի ճանապարհները՝ մասնավորապես Դիլիջանի ոլորանները, Բերդ-Ջամբարակ ճանապարհահատվածը: Տոն օրերին ուժեղացված աշխատանքային ռեժիմով են աշխատելու նաև մարզերում և ԼՂՀ տարածքում: