Ներկայացնենք Հին Հռոմի մ.թ. 166 թվականի ոսկյա և բրոնզյա երկու ուշագրավ մետաղադրամներ: Պատմական փաստերը վկայում են, որ 162-166 թթ. հռոմեա-պարթևական պատերազմում Հռոմը հաղթել է պարթևներին, որից հետո 166 թվին կնքված պայմանագրով Հռոմեական կայսրությանն է անցել Միջագետքի արևմտյան մասը, Հայաստանը ճանաչվել է անկախ, որտեղ, սակայն, թագավորելու էին Հռոմի դրածոները, և Հայոց արքա է թագադրվել Տիգրան 5-րդ Սոհեմոսը։ Այդ ժամանակաշրջանում Հռոմի համատեղ գահակալներն էին կայսրներ Մարկոս Ավրելիոս Անտոնինոսը (Marcus Aurelius Antoninus) և Լուցիուս Վերուս Արմենիակուսը (Lucius Verus Armeniacus), վերջինս ստացել էր այդ կոչումը հռոմեական զորաբանակի կողմից Հայաստանի գրավումից հետո:
Ոսկյա դրամի դիմապատկերին՝ կայսր Լուցիուս Վերուս Արմենիակուսն է, իսկ դարձերեսին պատկերված է Հայոց արքա Տիգրան 5-րդ Սոհեմոսի թագադրումը և նշված է լատիներեն. «Արքա Հայոց» (Rex Armeniis) և «Տրվում է» (Dat): Բրոնզյա դրամի դիմապատկերին՝ կայսր Մարկոս Ավրելիոս Անտոնինոսն է, իսկ դարձերեսին նույնպես ներկայացված է Հայոց արքա Տիգրան 5-րդ Սոհեմոսի թագադրումը: