Երբ ես նախարար էի. նախկինների գունավոր անցյալըNewmag-ը գրում է.

Մենք ակնկալում էինք հանիրավի մոռացված կամ մոռացության մատնված կամ մամուլում անտեսված քայլերի մասին պատմություններ, որոնք, իրոք, արժանի են դուրս պրծնել պաշտոնական հաղորդագրությունների փոշոտ տրցակներից և հիշվել սիրով ու խանդաղատանքով: Մեզ արձագանքեցին չորսը: Նախկին նախարարները սովորաբար հակված են գունազարդել իրենց ղեկավարման շրջանը: Կամ իրոք համոզված են, թե իրենց՝ նախարար եղած ժամանակ արել են նույնիսկ անհնարինը՝ ժողովրդի կյանքը լավացնելու համար: Պաշտոնաթող ֆունկցիոներները սովորաբար նոստալգիկ խանդավառություն են ապրում, երբ մտաբերում են անցած-գնացած լավ օրերը: Եվ նրանց կարելի է հասկանալ. չէ ՞ որ յուրաքանչյուր հաջորդ նախարար հասցնում է անել ավելի քիչ ու ավելի վատ, քան իր նախորդը:

ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆ

(2007-10 թթ. Արդարադատության նախարար)

Երբ արադատության նախարար էի, որևէ եղանակով (բացահայտ կամ քողարկված) ինձ ուղղված լուրջ սպառնալիքներ չեն եղել: Ընդհանրապես համոզված եմ, որ մեր ժամանակներում նախարարների հետ սպառնալիքների լեզվով չեն խոսում, թեև քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները հրապարակային միջոցառումների ընթացքում երբեմն չեն զլացել սպառնալիքներ հնչեցնել:

Մի վերապահում ևս. դատելով այդ շրջանի մամուլի և հանրության, նաև ընդդիմադիր քաղաքական դեմքերի արձագանքներից՝ ես բնավ մերժված պետական գործիչ չեմ եղել: Հակառակը, վստահություն և հարգանք եմ նկատել իմ անձի հանդեպ, ինչն ինձ համար անչափ կարևոր է եղել: Ես պատրաստ էի ցանկացած պահի հանգիստ լքել պաշտոնը ու չէի կարող հանուն պաշտոնական դիրքի դեմ գնալ իմ սկըզբունքներին: Ընդդիմադիր քաղաքական գործիչների հանդեպ իմ համբերատար, հանդուրժողական ու քաղաքակիրթ վերաբերմունքը թելադրված է եղել միմիայն առողջ հանրային մթնոլորտ ձևավորելու նկատառումով: Դրանով փորձել եմ բարելավել իշխանության հանդեպ վստահությունը, բացարձակապես չեմ ձգտել այդ եղանակով վարկանիշ բարձրացնել, թեպետ ոմանք դա յուրովի էին ընկալում ու մեկնաբանում: Իհարկե, իշխանությամբ օժտված լինելու պարագայում առավել դյուրին էր մեծամիտ ու բռի կեցվածք ընդունելը, բայց դա իմը չէ:

Ինքս եմ եղել Արդարադատության ակադեմիայի գաղափարի հեղինակն ու իրագործողը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի, դատապարտյալների պահման պայմանների դե յուրե և դե ֆակտո բարելավման համալիրը ներդնողը: Իսկ շատ բան չի հաջողվել, որովհետև, ցավոք, անհարկի ժամանակ եմ ծախսել զուտ սուբյեկտիվ հարաբերությունները հարթելու համար: Պետական համակարգում, խորհրդարանում կային մի քանիսը, որոնք ջանք ու եռանդ չէին խնայում բնականոն աշխատանքը խաթարելու համար, իսկ մի քանիսն էլ փորձում էին, ինձ հետ տարաբնույթ արհեստական բանավեճեր սարքելով, ինքնահաստատվել: Զավեշտալին այն էր, որ երբ նկատում էի, որ ոչ էական հարցի շուրջ անպտուղ բանավեճ էր ծավալվում, արագ համաձայնում էի, ինչը հակառակորդներիս դարձյալ չէր բավարարում, որովհետև նրանց ոչ այնքան իրենց տեսակետն էր հետաքրքրում, որքան ամեն գնով խոչընդոտելու, «սխալ հանելու» մոլուցքը: Հետագայում դրանց մեծ մասը իր գործում ձախողեց, թեպետ աշխատում էին անհամեմատ հանգիստ միջավայրում:

Աշխատանքի ժամանակ ընդմիջում արել եմ մենակ: Դա արել եմ իմ ընկերների ախորժակը չըփչացնելու համար, քանի որ անչափ քչակեր եմ, բացի այդ՝ չեմ ընդունում մսեղենն ու սպիրտային խմիչքը (թերևս բացառություն է չոր գինին): Իմ այս կենսակերպը միայն առողջական նկատառումով չէ թելադըրված: Երբեմն խնդրում էի նախարարության ճաշարանից մեկ-երկու աղցան բարձրացնել, ինչը լիարժեք ու ճոխ էր ինձ համար: Տոն օրերին աշխատում էի ընտանիքներով ժամանակ անցկացնել միայն մի քանիսի հետ, որոնց մեջ ոչ բոլորն էին նախարարներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել