Խրիմյան Հայրիկը՝ 1893-1907 թթ. ամենայն հայոց կաթողիկոսը, հայ ազգային ազատագրական պայքարի մեծագույն գործիչն է համարվում (ինքնագիր մակագրությամբ և ստորագրությամբ լուսանկարը՝ Houshamadyan կայքից): Ծնված լինելով հայկական բնօրրան Վանում և մինչ կաթողիկոս դառնալը լայնամասշտաբ ազգային գործունեություն ծավալելով Արևմտյան Հայաստանում և Կ.Պոլսում՝ նա երբևիցե կաշկանդված չի եղել ռուսական վերնախավին մշտապես խոնարհ և հպատակ լինելու թերարժեքությամբ:
Կաթողիկոս եղած ժամանակ Խրիմյան Հայրիկը եռանդուն պայքար է մղել հայ եկեղեցապատկան կալվածքները բռնագրավելու և հայկական դպրոցները փակելու մասին ցարական կառավարության 1903 թ. հունիսի 12-ի օրենքի կենսագործման դեմ, հրահանգել հոգևոր թեմակալ առաջնորդներին՝ չենթարկվել այդ որոշմանը և խոչընդոտել նրա կիրառությանը։ Ինչպես իրենց հուշերում են գրել ականատեսները, երբ կնքված փակ ծրարով Խրիմյան Հայրիկին են բերում այդ հակահայկական հրամանագիրը, Վեհափառը, այդպես էլ չբացելով նամակը, նետում է այն գետին՝ իր ոտքերի տակ, ձեռքերը կարկառում դեպի երկինք ու արտասանում ժամանակին մեծ հնչեղություն ստացած իր հայտնի նզովքը ռուսական միապետությանը. «Թող կործանվի այս աստվածընդդեմ ու բանտածվար կայսրությունը»: