Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում պայքարի մեջ են Սուրբ Սարգիսն ու Սուրբ Վալենտինը: Մեզանում ավելի երկար նշվել էր վերջինը, սակայն այն եվրոպական ծագում ունեցող տոն է, իսկ Սուրբ Սարգիսը մեր եկեղեցական տոնն է և, ինչպես հայտնի է, մերն ուրիշ է :) Սբ. Վալենտինը կաթոլիկ եկեղեցու սրբերից է, որին նվիրված տոնը, ըստ որոշ աղբյուրների, ստեղծվել է բիզնեսի նպատակով: Հնարամիտ վաճառականներն այսպիսով մեծաքանակ հուշանվերներ պատրաստելու և վաճառելու տարբերակ են գտել: Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդների` Սուրբ Սարգսի տոնը նախ և առաջ գաղափարախոսություն է` Սուրբ Սարգիսը քրիստոնյա էր և նահատակվել է հանուն Քրիստոսի սիրո: Մեր եկեղեցին բազմաթիվ պատումներ ունի, որոնց համաձայն Սուրբ Սարգիսը սատարել է բոլոր սիրահարներին:

 

 

Տոների առթիվ զրուցեցինք հայտնիների հետ, ճշտելու` սիրո երկու տոներից նրանցից ով ո՞ր տոնն է նշում: Թեև հայերիս շրջանում ընդունված է ասել, թե նախընտրում են Սուրբ Սարգիսը, իսկ իրականում տոնել Վալենտինը, բայց մեր զրուցակիցները կարծես թե անկեղծ են :)

Երգչուհի Իվետա Մուկուչյանն անկեղծորեն նշեց, որ գերադասում է Վալենտինը, քանի որ երկար տարիներ ապրել է Գերմանիայում, որտեղ չեն նշել Սուրբ Սարգիսը, ինքն էլ հետաքրքիր հիշողություններ ունի` կապված Վալենտինի տոնի հետ. ՙՔանի որ ես 26 տարի Սբ. Վալենտինն եմ նշել, շատ եմ սիրում այդ օրը: Ամենուր սեր կա, անկախ նրանից` մարդ գտե՞լ է իր երկրորդ կեսին, թե՞ ոչ: Ամեն տեղ սեր է»,- ասաց երգչուհին և հավելեց, որ շատ ուրախ է, որ Հայաստանում սիրո առանձին տոն կա: Սուրբ Սարգսի տոնի հետ կապված Իվետան նշեց, որ ինքն աղի բլիթ կերել է, սակայն երազ չի տեսել, հիասթափվել է և որոշել այլևս չուտել:

 

 

Ինչ վերաբերում է Վալենտինի կապակցությամբ հետաքրքիր նվերներին, Իվետան նշեց, որ մի քանի տարի առաջ այդ օրը հետաքրքիր անակնկալ են մատուցել իրեն, որի մասին չի մոռանա: ՙԴուռը թակեցին, բացեցի` այնքա՜ն մեծ ծաղկեփունջ էր, որ հետևում կանգնած երեխան չէր երևում: Նա ինձ փոխանցեց ծաղկեփունջը, բայց չասաց` ումի՞ց էր: Նրան վճարել էին լռության դիմաց :) Մոտ 5 տարվա պատմություն է, բայց շատ է տպավորվել մեջս: Օրիգինալ էր և մինչ օրս հետաքրքիր է` ումի՞ց էր»,- ասաց Իվետան:

Սերիալային դերասանուհի Լիա Զախարյանը նշեց, որ, իր կարծիքով, մեզանում ավելի շատ ընդունված է Վալենտինը նշել, քանի որ այդ տոնն ավելի երկար ենք նշել: «Ինձ համար մեծ տարբերություն չկա»,- ասաց Լիան և նշեց, որ Սուրբ Սարգսի նախօրեին տատիկին խնդրում է աղի բլիթ պատրաստել իր համար: Մի քանի տարի առաջ երազում տեսել է ՆՐԱՆ, սակայն իրական կյանքում դեռ չի հանդիպել:

 

 

Դերասանուհին անկեղծացավ, որ առանձնահատուկ «վալենտին» ունեցել, հիմնականում տոնն ընկերների հետ է նշել: Լիան հիշեց, որ դպրոցական տարիներին այս օրը սրտաձև կոնֆետներ էին պատրաստում: «Նախորդ տարի այդ օրն ուսանողական խորհրդի հետ անցկացրի` գնացինք սիրահարների այգի, եկեղեցի` հույսով, որ մի օր էլ մենք կհանդիպենք մեր կեսին :)»,- ժպիտով հիշեց Լիան:

Այժմ Իսպանիայում ապրող երգչուհի Աստղիկ Սաֆարյանը պատմեց, որ ինքն ավելի տոնական տրամադրություն է ունենում Սուրբ Վալենտինին: Երգչուհու համար օրը հաճելի է անցնում, քանի որ ամենուր տոնական տրամադրություն է. «Այդ օրը հետաքրքիր անակնկալներ շատ են լինում երկրպագուներիս կողմից` զարմացնող և ժպիտ պարգևող :)»:

 

 

Անդրադառնալով տոնը Իսպանիայում և Հայաստանում նշելուն` երգչուհին ասաց, որ երկու երկրներում էլ այդ օրն ամենուր ավելի շատ է հանդիպել սիրահար զույգերի, սակայն Իսպանիայում սիրահարները շատ ավելի հավատարիմ և ջերմ են միմյանց նկատմամբ. «Դրա շնորհիվ նրանք այդքան էլ կարիք չունեն նման տոների, որպեսզի ապացուցեն միմյանց, թե որքան են իրար սիրում»:

Ինչ վերաբերում է աղի բլիթ ուտելուն` Աստղիկն ասաց, որ երբևէ չի կերել: Ինչպես ինքը նշեց` չի հավատում աղի բլիթներին` չնայած իր շրջապատում եղել են մարդիկ, ովքեր կերել են և երազում տեսել իրենց սիրելիին:

Դերասան Ստեփան Ղամբարյանը նշեց, որ իր համար նախընտրելի է Սուրբ Սարգսի տոնը, քանի որ դա մերն է :) Ստեփանը պատմեց, որ պատանեկության տարիներին կերել է աղի բլիթ, սակայն երազում այդպես էլ ոչ մեկին չի տեսել:

 

 

Այնուամենայնիվ, նա տիկնոջը` Անի Ամիրյանին, անակնկալ է մատուցում նաև Վալենտինին, քանի որ այդ օրը շատ մոտ է նրանց ամուսնության օրվան, և զույգը միացնում է տոները :) Դերասանը նշեց, որ կնոջը տարբեր և անսպասելի նվերներ է մատուցում` վերարկու, տարբեր աքսեսուարներ և շատ հրաշալի օր: Ժամանակ ունենալու դեպքում փորձում է այնպիսի նվերներ մատուցել, որոնցում ինքը ստեղծագործելու և միտք ներդնելու հնարավորություն կունենա:

Նախորդ տարի զույգը Ստեփանի նախաձեռնությամբ տոնը նշել է քաղաքի ռոմանտիկ վայրերից մեկում: «Շատ լավ ժամանակ անցկացրինք` գինի, երաժշտություն, հաճելի մթնոլորտ և լավ տրամադրություն»,- եզրափակեց նա:

Սերիալային դերասանուհի Անի Երանյանը նշեց, որ գերադասում է Սուրբ Սարգսի տոնը, քանի որ դա նաև երիտասարդների օրհնության օրն է. «Սուրբ Վալենտինը կաթոլիկ տոն է, իսկ Սուրբ Սարգիսը` հայկական: Սուրբ Սարգիսը երիտասարդների բարեխոսն է, ընդ որում` ամենաարագահասն է :)»: Անին նշեց, որ փոքր տարիքում աղի բլիթ կերել է, սակայն երբեք երազ չի տեսել: Ըստ նրա` քանի որ իր շրջապատում եղել են մարդիկ, ովքեր երազում ճշգրիտ տեսել են իրենց ապագա ամուսնուն, Անին որոշել է այլևս չուտել: «Թող անակնկալ լինի` ով կլինի ամուսինս»,- ասաց դերասանուհին (Անին նշեց, որ այս արտահայտությունից պետք չէ ենթադրել, որ ինքն ու Մովսեսը բաժանվել են, ուղղակի ոչ ոք չգիտի` վաղն ինչ կլինի-հեղ.):

 

 

Անին նշեց, որ սիրո տոներին միայն Մովսեսից չէ նվերներ ստանում. «Չգիտես ինչու` իմ մյուս երկրպագուներն էլ են սիրո տոնին ինձ նվերներ մատուցում, և մեր տանը շատ ծաղիկներ են լինում այդ օրը: Կարծում եմ` այդ օրը պետք է աղջիկներին ավելի շատ անակնկալներ մատուցեն, և նրանք ուշադրության կենտրոնում լինեն: Իհարկե, ես էլ եմ ինչ-որ բան պատրաստում սիրելիիս համար, բայց որոշել եմ, որ այսուհետև ինձ պետք է ավելի շատ նվերներ մատուցեն :)»:

Սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանը նշեց, որ որպես հայ` իրեն հոգեհարազատ է Սուրբ Սարգսի տոնը: «Այս տոնը հետաքրքիր է այնքանով, որ միայն հայերն են նշում»,- ասաց Եվան ու հավելեց, որ աղի բլիթ ուտելու սովորույթն էլ շատ հետաքրքիր է, սակայն ինքն ամեն տարի աղի բլիթ ուտելուց հետո չի համբերում և ջուր է խմում :)

 

 

Այնուամենայնիվ, դերասանուհին նշեց, որ իրեն ավելի հաճախ Վալենտինի կապակցությամբ են շնորհավորում: Երկրպագուներից մեկն էլ մոտ երկու տարի առաջ նրան մեծ անակնկալ է մատուցել տոնի առթիվ` իրենց տան պատուհանի տակ մոմերով սիրտ պատկերելով: Դերասանուհին նշեց, որ այդ նվերը շատ է տպավորվել իր մեջ:

Հ.Գ. Կարծում եմ` Սուրբ Սարգիսն ու Սուրբ Վալենտինը կիսելու ոչինչ չունեն և չարժե մերժել կամ ընդունել այս տոներից միայն մեկը: Սիրո տոնն այնպիսինն է, որը շատ չի լինում, առավել ևս մեր «մուննաթ» դեմքերով հարուստ քաղաքում սիրով լցված երկու օրը հաստատ մեծ շռայլություն չէ :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել