Մարտի 5-ին` ժամը 21:50 րոպեին, Ստալինը մահացավ:
Մարդկային բազմամիլիոնանոց երթը Մոսկվայի փողոցներով ձգվում էր մինչև Միությունների տան սյունազարդ դահլիճ, որտեղ տեղադրված էր հանգուցյալի բարձրադիր դագաղը: Բոլորը ձգտում էին հայտնվել այդ դահլիճում, որպեսզի գոնե աչքի ծայրով տեսնեն այն մարդուն, ով կենդանության օրոք արդեն հուշարձան էր:
Քիչ մարդ չզոհվեց Տրուբնայա հրապարակի հրեշավոր հրմշտոցում: Զոհվածների ճշգրիտ թիվն անհայտ է կամ էլ գաղտնի է պահվում: Պատմում են, որ կոխկրտվածների դիերը շարված էին Լեֆորտովսկի դիահերձարանի առջև՝ հենց ձյան վրա, քանի որ դիահերձարանում այդքան տեղ չկար: Հրմշտոցի պատճառ էր դարձել այն, որ Պուշկինի փողոց՝ Ստալինի մոտ, հնարավոր էր հասնել միայն Տրուբնայա հրապարակից, որտեղ զինվորական ծանր մեքենաներով փակել էին Նեգլինկա տանող երկու նեղ ճանապարհները: Ռադիոյի առավոտյան հաղորդագրությունից հետո, երբ ժողովուրդը բոլոր կողմերից սկսեց պարզապես վազել դեպի կենտրոն, Տրուբնայա հրապարակում միանգամից հսկայական քանակությամբ մարդիկ հավաքվեցին:
Եվ այդ ահավոր հրմշտոցից դուրս պրծնելը պարզապես անհնար էր՝ զորքերի և բեռնատարների շղթան թույլ չէր տալիս, որ ամբոխը ցրվի: Միայն մի կողմից ազատ մուտք կար, որտեղից եկող ժողովուրդն էլ հրում էր: Քանի՞սը զոհվեցին:Հարյուրնե՞ր, հազարնե՞ր: Ամենայն հավանականությամբ մենք արդեն երբեք չենք իմանա այդ մասին: Ականատեսների վկայությամբ ջնջխված բոլոր դիակները դնում էին բեռնատարների վրա ու տանում քաղաքից դուրս, որտեղ բոլորին թաղում էին ընդհանուր գերեզմանի մեջ: Բայց ամենասարսափելին այն էր, որ ընկածների թվում կային մարդիկ, ովքեր հետո ուշքի էին գալիս, օգնություն խնդրում: Նրանց դեռ կարելի էր փրկել: Բայց շտապ օգնությունը գրեթե չէր աշխատում՝ սգո այդ օրերին կենտրոնական փողոցներում երթևեկությունն արգելված էր: Վիրավորները ոչ ոքի չէին հետաքրքրում: Նրանց ճակատագիրը որոշված էր: Ստալինի հուղարկավորությունից ոչինչ չպետք է շեղեր:
Շատ փողոցներում իսկական ողբերգություններ էին ծավալվում: Հրմշտոցն այնքան սարսափելի էր, որ մարդիկ պարզապես սեղմվում էին տների պատերին: Ցանկապատերը քանդվում էին, դարպասները՝ փլվում, խանութների ցուցափեղկերը՝ ջարդվում: Մարդիկ բարձրանում էին երկաթե սյուների վրա և չկարողանալով որևէ տեղից բռնել՝ վայր էին ընկնում, որպեսզի... այլևս երբեք վեր չկենան: Ոմանք բարձրանում էին ամբոխի վրա և մարդկանց գլուխների վրայով սողում, ոմանք էլ հուսահատված փորձում էին բեռնատարների տակ մտնել, բայց նրանց չէին թողնում, և լրիվ ուժասպառ՝ ընկնում էին ասֆալտի վրա ու այլևս չէին կարողանում բարձրանալ: Հետևից հրողները կոխկրտելով անցնում էին նրանց վրայով: Ամբոխն ալիքաձև մեկ այս կողմ էր գնում, մեկ այն կողմ:
Ահա թե այդ մասին ինչ է պատմում հայտնի բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն, ով հետագայում նկարահանել է «Ստալինի մահը» ֆիլմը:
«Ես այս բոլոր տարիներին պահպանել եմ հիշողություններն այն մասին, որ եղել եմ այնտեղ՝ այդ ամբոխի, այդ հրեշավոր հրմշտոցի ներսում: Հսկայական և բազմադեմ ամբոխ: Վերջին հաշվով այն մեկ ընդհանուր դեմք ուներ՝ հրեշի դեմք: Դա հիմա էլ կարելի է տեսնել՝ երբ հազարավոր հավաքվածներ, ովքեր գուցե առանձին-առանձին համակրելի են, դառնում են հրեշներ՝ անկառավարելի, դաժան հրեշներ, երբ աղավաղվում են մարդկային դեմքերը... Ես հիշում եմ այդ տեսարանը` ասես աշխարհի վերջը լիներ:
Իսկ ի՞նչ էր կատարվել այդ օրը: Քաղաքի պարետատունը և Պետական անվտանգության նախարարությունը վճռել էին Տրուբնայա հրապարակը փակել զինվորական բեռնատարներով, և Սրետենկայից դեպի հրապարակ էր սկսել հոսել մարդկային Նիագարան. մարդիկ ստիպված էին հրել իրար, տների վրա մագլցել, նրանք զոհվում էին, զոհերի մեջ երեխաներ էլ կային: Նրանք, ովքեր Ստալինին երբեք կենդանի չէին տեսել, ուզում էին նրան գոնե մահացած տեսնել, բայց այդպես էլ չտեսան: Ես էլ չտեսա... Մարդիկ չէին լացում: Լացում էին, երբ առաջնորդի մահվան մասին հաղորդագրությունը լսեցին իրենց խոհանոցներում կամ փողոցներում: Իսկ հիմա դա ընդամենը կենաց-մահու պայքար էր: Մարդիկ զոհվում էին՝ սեղմված այդ բեռնատարների արհեստական քառանկյան մեջ: Բղավում էին՝ «Տարեք բեռնատարները»: Ես հիշում եմ մի սպայի, նա լաց էր լինում և երեխաներին փրկելով՝ միայն ասում էր. «Չեմ կարող, ցուցումներ չկան»:
Եվգենի Եվտուշենկոն, լսելով Ստալինի մահվան մասին և իմանալով, որ ժողովուրդը կարող է հրաժեշտ տալ «վոժդին», Մեշչանսկայա 4-րդ փողոցից վազել է դեպի Ստալինի դագաղը: Նրա կողքով վազում էին բազմաթիվ ուրիշ մարդիկ՝ թողած բոլոր գործերը և աշխատանքը: Ի՞նչ էր դա: Որտեղի՞ց էր այդ խելագար պոռթկումը: Ի՞նչն էր առաջնորդում մարդկանց՝ սե՞րը դեպի Ստալինը: Անբացատրելի, աներևակայելի սե՞րը: