Եվ վերջում՝ եղանակի մասին...

Այ այդպես ենք անում՝ միշտ վերջում ենք խոսում եղանակի մասին, չենք գիտակցում եղանակի հասարակական, քաղաքական, ես կասեի նույնիսկ հեղափոխական նշանակությունը... Իսկ եղանակը կարող է նախագահ փոխել... Դիցուք՝ ներկայացնեմ եղանակի իմ տեսությունը... Զանգվածային բողոքի այնքան էլ շատ ձեւեր չկան: 

Դասադո՞ւլ... Թող ներեն ինձ հայաստանցի ուսանողները, բայց աշխարհում նման բան ընդհանրապես գոյություն չունի՝ ուսանողը ուժ է միայն այն դեպքում, երբ երիտասարդությունը զանգվածաբար փողոց է դուրս գալիս, այլ ոչ թե դասի չի գնում: Ու բուհի ղեկավարությունն էլ սովորաբար թքած ունի՝ գալիս ես դասի, թե կողքի սրճարանում ես նստած՝ փողը չմուծեցիր՝ անմիջապես դուրս կթռչես առանց որեւէ դասադուլի... 

Հացադո՞ւլ... Դուք զանգվածային հացադուլ տեսե՞լ եք... Եկեղեցին տարին մի քանի անգամ հորդորում է հավատացյալներին մեծ ու փոքր հացադուլներ սկսել՝ ո՞վ է արձագանքում այդ կոչերին... Միայն Անդրեասը՝ այն էլ ոչ զանգվածաբար: Լայն աշխատավորական զանգվածները, մանավանդ խաշի սեզոնին, ամենեւին հակված չեն անսալու հոգեւորականների խորհրդին...  

Գործադո՞ւլ... Հայաստանում, որտեղ արհմիությունները զրո էլ չեն, մինուս են, ինչ գործադուլ: Մենք՝ հայերս, գործատուներին սիրում ու փայփայում ենք, եթե ոչ մեր կյանքը, ապա առնվազն ձայնը հանուն նրանց միշտ տալիս ենք... Դրա համար էլ, ի դեպ, նրանք մեզ հետ ինչ ուզում անում են... 

Մի խոսքով, տեսա՞ք, որ բացի հանրահավաքներից ու երթերից ուրիշ ոչ մի զանգվածային բողոքի ձեւ չկա... Իսկ երթերն ու հանրահավաքները ինչի՞ց են կախված... Այո, շատ ճիշտ եք՝ եղանակից... Իսկ դուք ասում եք՝ Սահմանադրական դատարան... Եղանակի տեսություն լսեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել