Aysor.am-ը գրում է.
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այցը Երևան ակտիվորեն լուսաբանվել է ադրբեջանական մամուլի կողմից, որտեղ բազմաթիվ խոսափողերի, այդ թվում և ԱՀ վերլուծական շրջանակների միջոցով արտահայտվել է ԱՀ իշխանական վերնախավի անհանգստությունը նշված այցի կապակցությամբ: Որոշ փորձագետներ, Հասան Ռուհանիի այցը փորձել են ներկայացնել՝ որպես Իսրայելի վարչապետի՝ Բաքու կատարած այցին պատասխան: Ենթադրելի է, որ այս համատեքստում Ադբեջանում դեռևս որոշ ժամանակ հակաիրանական տրամադրությունների վերընթաց աճը կշարունակվի, քանի որ այդ գործընթացն ուղղորդվում է իշխանությունների կողմից:
Բաքվի իշխանությունները նման «պատեհ առիթներից» օգտվելով, մշտապես փորձել են և փորձում են չեզոքացնել երկրում առկա իրանամետ ուժերին՝ խաղարկելով նաև «իսլամական համերաշխություն» գաղափարախոսությունը և Իրանին մեղադրելով այն խախտելու մեջ, սակայն այս առումով հակասական է այն, որ հաճախ են մոռանում սեփական երկրում ապրող պահպանողական մուսուլման բնակչությանը կեղծ մեղադրանքների հիման վրա բանտարկությունների դեպքերը: Մյուս կողմից, խնդիրն, այսպես կոչված, «իսլամական համերաշխության» համատեքստում դիտարկելիս, պետք է փաստել, որ Իլհամ Ալիևի վարչակարգն այդ գաղափարախոսության ամենաակտիվ խախտողն է և այդ իմաստով երկակի մոտեցումն այնքան ակնառու է, որ դա նկատում է նաև ադրբեջանական հասարակությունը:
Մեր պատմական հարևան երկրի նախագահի այցը Հայաստան անկասկած իր ազդեցությունն է ունենալու Իրան-Ադրբեջան հարաբերութունների վրա, որն այսօր ինչ-որ չափով ճգնաժամի մեջ է:
Միանշանակ է, որ հակաիրանական տրամադրությունների աճն Ադրբեջանում կաշխատի ի վնաս հենց պաշտոնական Բաքվի, քանի որ այն կհանգեցնի Թեհրան-Բաքու հարաբերությունների վերանայման՝ իրանական կողմից:



