Պատկերացրեք մի կախարդական աշխարհ, որտեղ անգամ ծառերը կերգեին, և թփերը կնվագեին: Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ մարդիկ կթռչեին ինչպես թռչուններ և կերգեին հրեշտակային կատարյալ ձայներով: Հավատացնում եմ ձեզնից յուրաքանչյուրին` այդ աշխահն իրական է, և մեզանից յուրաքանչյուրն ինքն է ընտրում` ապրել այդ դյութական աշխարհի սահմաններից ներս, թե դուրս, վայելել բարիքնեը, թե աչքերը բաց մի կույրի նման քայլել Եդեմի պուրակով, և տեսնել Սոդոմի ավերակներ:

Այսօր երազումս մի պուրակում էի անիրական. ծաղիկներն էին ժպտում և հրեշտակները երգում: Այդպես հիացած քայլում էի, երբ ՏԵՍԱ վազող մի փոքրիկ աղջնակի: Նա լացակումած վազում էր, վազում էր առանց ճանապարհին նայելու. բոբիկ էր, ոսկե ծամերը` խճճված և աչքերին` արցունքներ: Տեսնելով փոքրիկին Եդեմական պուրակում` այդպես շփոթված, զարմացա և, ինչպես հաճախ է պատահում երազներում, փորձեցի կանչել նրա հետևից, չկարողացա, փորձեցի վազել` ոտքերս չենթարկվեցին: Սարսափելի անզորության զգացում պատեց ինձ, աչքերս թարթեցի և տեսա, որ այլևս Եդեմում չեմ, այլ ավերակների մեջտեղում եմ կանգնած, և ինչ որ անհայտ ուղղությունից հնչում էր Մոցարտի «Ռեքվիեմը»: Շփոթվեցի, նայեցի շուրջս և կրկին նկատեցի փոքրիկին, նա չէր վազում, պարզապես դանդաղ քայլերով մոտենում էր ինձ, նրա աչքերը լայն բացված էին, կարծես տեսնում էր ավելին, քան ես, կարծես գիտակցում և ապրում էր մի բան, որ ես անգամ չէի կարող պատկերացնել: Վերջապես փոքրիկը հասավ ինձ, նայեց աչքերիս իր ծով կապույտ աչերով և քնքշորեն բռնեց ձեռքս` ինչ-որ բանից պաշտպանության կարիք ունեցողի նման: Նայում էի փոքրիկին երկար, նա էլ ինձ էր նայում: Հանկարծ տեսա, որ աղջնակի հագուստը կեղտոտ չէ, այլ արյունոտ, սարսափեցի, տարա ձեռքս աղջնակի ուսերին, որտեղից դանդաղ հոսում էին բոսոր արյան դանդաղ կաթիլներ, և գիտակցեցի, որ դրանք կտրված թևերի վերքեր էին: Աղջնակը հայացքը բարձրացրեց և իր անբասիր աչքերը հառեց իմ ուղղությամբ. նրա հայացքը լիքն էր անսահման ցավով և ոչ մանկական գիտակցությամբ: Այդպես մեկ րոպե նայում էինք միմյանց աչքերին, երբ նրա աչքերը սկսեցին պատմել փոքրիկ մի պատմություն:

Կանգնած էր աղջնակը լուսավոր, թևերը պարզած երգում էր Եդեմում, իր տիեզերական ձայնով փառաբանում էր Աստծո ստեղծած կատարելությունը, երբ ցնցոտիավոր մի կին մոտեցավ աղջնակին, բռնեց նրա ճերմակ թևերը և պոկեց ամբողջ ուժով. աղջնակի թևերը պոկվելուն պես անէացան, փոշի դարձան, իսկ աղջնակի ուսերին` թևերի տեղում, մնացին դատարկ արյունոտ վերքեր, իսկ ոճրագործ կինը խելագարի պես գոռում էր. «Հերի՛ք ապրես երազներումդ, հերի՛ք երազես, Շու՛րջդ նայիր, մարդիկ չար են, կյանքը` դաժան և անարդար, արթնացիր».

Հայացքս կտրեցի փոքրիկ` մարդացած հրեշտակի աչքերից և արթնացա: Աչքերս թաց էին, հանկարծ գիտակցեցի, թե որքան ժամանակ աչքերս արցունքները չէին թրջել, քանի որ «ես տղամարդ եմ, իսկ տղամարդիկ չպետք է լացեն», հասկացա, որ, ինչպես շատ-շատերը, ես էլ թևերը կորցրած հրեշտակ եմ: Հիշեցի երազս, փոքրիկ աղջնակին, նրա հայացքը և տխրեցի` գիտակցելով, թե մեզնից քանիսի թևերն են դաժանաբար պոկել կյանքի դաժանությունները համտեսած մարդիկ և քանիսին են ստիպել եդեմից իջնել և ապրել ավերակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել