Araratnews.am-ը գրում է.
Այսօր Հայաստանում ծնողների 40 տոկոսը երեխաներին դաստիարակում է բռնության միջոցով. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ Աիդա Մուրադյանը:
«Մեր կազմակերպությունն իրականացրել է ուսումնասիրություն շուրջ 10 հազար ծնողների շրջանում և բացահայտել, որ այսօր երեխաներին դաստիարակելիս ծնողների 40 տոկոսը դաստիարակության մեթոդների մեջ օգտագործում է ֆիզիկական բռնությունը: Ցավով ենք արձանագրում, որ հինգ տարիների ընթացքում այս տոկոսը չի փոխվել դեպի դրականը, սակայն մյուս կողմից հասկանում ենք, որ եթե ջանքեր չեն իրականացվում խնդիրը փոխելու ուղղությամբ, այն շարունակում է մնալ»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանն էլ ընդգծեց, որ այսօր Հայաստանում ճշգրիտ տվյալներ չկան, թե քանի երեխա է բռնության ենթարկվում՝ դաստիարակվելու համար. «Երբ ոստիկանությունը, մենք կամ այլ կազմակերպություններ նշում են թվերի մասին, ապա մենք խոսում ենք բացահայտված և ընթացք ստացած դեպքերի մասին, բայց բազմաթիվ դեպքեր պարզապես հայտնի չեն դառնում, և դրանք լուռ ողբերգություններ են ընտանեկան պատերից ներս»:
Վերջում բանախոսը նաև հավելեց. «Եթե ընդունենք այն հանգամանքը, որ նույն բռնարարը մարդ է, որն ունի խնդիրներ, և այդ խնդիրները լուծված չեն, այդ դեպքում մենք պետք է մտածենք՝ իսկ ինչպե՞ս օգտակար լինենք այնպես, որ նշված 40 տոկոս ծեծող ծնողները փոխեն իրենց երեխաներին դաստիարակելու ձևերը»:



