Ես Հանրայինում էի այդ օրը, ինքս էլ շտապում էի, տոնական վեց, թե յոթ հաղորդում միանգամից նկարեցինք այդ օրը. «Երջանկության մեխանիկան» էր՝ ընտանեկան երջանկության անսպառ թեմայով։
Հինգ տարի առաջ էլ՝ դեկտեմբերի 20-ին՝ ժամը յոթի կողմերը, անտանելի խցանում էր, մարդիկ նույնկերպ, ինչպես որ հիմա, առանց միմյանց զիջելու, իրար վրայով անցնելով «շտապում» էին, ու՞ր, իրենք էլ չգիտեին․․․ Բայց կյանքիս մեջ առաջին անգամ ես հենց այդ օրն իսկապես հասկացա՝ ինչ է նշանակում ՇՏԱՊԵԼ, երբ վայրկյանը ԿՅԱՆՔ արժեր, երբ ամեն երրորդ մեքենան վթարի ու եղանակի պատճառով կանգնած էր, բայց ես չէի զգում ու անցնում էի՝ սահելով դեմքերի, դեպքերի, մեքենաների վրայով, որովհետև Վայրկյանը Կյանք էր։ Առաջին անգամ հասկացա, որ Խանջյան փողոցը շատ հեռու է Կոմիտասից, եթե դու կյանքի ու մահվան արանքում ես, ու Երևանում «տոնական» տրամադրություն է։ Հասկանում ես Խցանում ասվածը, երբ պատուհանդ բաց թախանձագին խնդրում ես, որ թույլ տան անցնես, կամ զիջեն, մի անիվի տեղ, մի վայրկյան շուտ հասնել, մի ակնթարթ.... Մի քիչ կյանք։
Շտապում ենք առանց հասկանալու, որ անընդհատ շտապելով պարզապես հեռանում ենք սիրելի մարդկանցից․․․ Ամեն ինչ անում ենք, որ Տոնական սեղանը լցնենք, մի կորիզ ավելի, մի չիր կամ ուտեստ ավելի, ու խաբում ենք, թե այդ ամենն անում ենք մեր ՄԱՐԴԿԱՆՑ համար։ Սուտ։ Ձև։ Սովորություն։ Մարդը մեր կարիքն ունի, մեր շփման ու սիրո, հոգատար ուշադրության և գգվանքի։
...Երբեմն էլ դիմացինը ՉԻ հասկանում, թե ԻՆՉՈՒ ենք շտապում, որովհետև Չգիտի. շտապում ենք, որ մի վայրկյան էլ զգանք Սիրելի մարդու Շունչը, գուցե վերջին անգամ։
Մայրս... Իմ կյանքի ամենախճճված ու ծանր խցանման վերջին կանգառում Մայրս էր, իր աշխատավայրում, արդեն ազատված իր ֆիզիկական մարմնից, նրա Հոգին անհանգիստ սպասում էր իր դուստրերին, որոնք, խցանումից մի կերպ մազապուրծ, հասան ամենավերջում։ Էդտեղ էլ հանդարտորեն խաղաղեցրեց մեզ, հիշեցրեց, որ Հոգին անմահ է։
Մեր կյանքը երբեմն մեր քաղաքային երթևեկության պես է՝ նեղ, ծուռ ու մուռ փողոցներով ու անհանդուրժող մարդկանցով, որոնց անտեղյակությունը կարող է խլել քո կյանքի ամենակարևոր մի վայրկյանը...
Մայրս լույս էր։ Է։ Լույսը տարածական է ու անկորուստ։ Մայրերը ուժ են ու զորություն, և չկա «խցանում», որը կարողանա զատել զավակին ծնողից, լույսը միշտ գտնում է իր ուղին, լուսավորում։
Ես սիրում եմ աշխարհի բոլոր Մայրերին, նրանք մեզ իրենց բարությամբ ու սիրով ուղղորդողն են,
ես պաշտում եմ Մայրիկիս. Էմմա Բլեյան- Հովհաննիսյանն անսահման բարի էր ու տեղով մեկ՝ Սեր։ Նա ինձ հանեց իմ կյանքի բոլոր խցանումներից ու ցույց տվեց միակ ճիշտ ճանապարհը՝ Լույսի ու հոգատարության, իր օրինակով։ Նա օրինակելի էր ու կատարյալին ձգտող այստեղ՝ Երկրի վրա, ՆԱ Օրինակելի է ու կատարյալ այնտեղ՝ Երկնքում։
Հանգչիր խաղաղությամբ, Մայր։ Սբ. Տիրամայրը մեզ պահապան։
Հ.Գ. Սբ. Անանիայի այս զորավոր մատուռն էլ մեզ օգնական... »:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել