Բարև, խնձո՛ր

Պարզվեց` Պարույր Սևակը ավելորդ երկար էր գրել, դա կարող էր լինել միբառանոց բանաստեղծություն` «Բարև՛»: Ճիշտ է, Րաֆֆի Հովհաննիսյանի «բարևից» արջը խաղալիք չդարձավ, բայց ահագին անկարելի բաներ դարձան կարելի:

Ինչպե՞ս. որովհետև ոնց որ բանաստեղծությունը գրականագետների համար չեն գրում, էնպես էլ քաղաքականությունը քաղաքագիտության համար չեն անում: Րաֆֆին վերադարձրեց քաղաքականությունը:

Սոցիալ-քաղաքական բնորոշումներով քաղաքական ուժ անվանելը արդեն շատ է դժվարացել Հայաստանում, որովհետև էդ բնորոշումները սահմանափակ քանակ ունեն, իսկ մեր քաղաքական ուժերը` անսահմանափակ, ու ինչ տիպի կոմբինացիա էլ անես, «դեմոկրատ», «լիբերալ», «ազգային» և նման այլ բառերի կրկնություններից դեմոկրատիան, լիբերալիզմն ու ազգայինը չեն, որ ավելանում են, այլ ավելանում է քաղաքագիտական էդ սահմանումներով քաղաքականության բարդ ու բազմաշերտ իրողությունները բացատրելու անադեկվատությունը:  

Ռուսաստանում կա դեմոկրատական կուսակցություն, որ կոչվում է «Յաբլոկո»: Իսկ եթե Հայաստանում քաղաքական ուժերին ասես` ձեր կուսակցության անունը դրեք խնձոր, կասեն` չէ մի չէ, տանձ, ավելի կայֆարիկները թեման լրիվ կմտցնեն բանջարաբոստանային մշակույթի բաղերը` հա՛, անունը դրեք բադիրջան, կարտոշկա, քյալամ: Որովհետև կարծում են` իրերը պիտի իրենց անուններով կոչես, որ մարդիկ տանձ ու խնձորը իրար հետ չխառնեն, ու ինչքան շատ եքա քաղաքական անուն վերցնես, էնքան եքա քաղաքական ուժ կդառնաս: Էդ նույն տրամաբանությամբ էլ Ժիրինովսկին իր կուսակցությունն անվանել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն (ԼԴՊՌ), որ իր էնքան էլ չդրսևորվող լիբերալ-դեմոկրատությունը ճակատին գրվի, ու չշփոթեն ինչ-որ յաբլոկոյի հետ:

Հայաստանում քաղաքական ուժերը իրենց գործունեությունը նախընտրում են ներկայացնել քաղաքագիտական վերլուծություններով, իսկ բուն քաղաքագիտությունը` որպես գիտություն առանձնապես չի երևում:

Հայաստանում, որ Սովետի փլուզմանը նպաստող առաջին քաղաքական պրոցեսների տարածքն էր, դրանից հետո ստեղծված` աշխարհի մակարդակով բոլորովին նոր քաղաքական իրավիճակների ու երևույթների քաղաքագիտական բնութագրումներ չհայտնվեցին: Այնպիսիք, որ որպես տեղական իրականության ճանաչման, սեփական բացառիկ փորձը սեփական լեզվով ներկայացնելու կարողություն մասնակցեր միջազգային քաղաքագիտական փոխանակումներին: Այսինքն` Հայաստանը մասնակցեց գլոբալ քաղաքականությանը, բայց չկարողացավ դրա մասին «խոսել»: Ու մինչև հիմա վիճակը նույնն է, և նույնիսկ «հետսովետական» բառն ընդամենը դրսից տրված լղոզ ընդհանրացման, հսկայական մի տարածք օբշի յորղանի տակ խցկող «պոստսովետականի» թարգմանությունն է:

Բայց խնդիրը միայն քաղաքագիտական թութակությունը չի, այլ էն, որ քաղաքական պրոցեսների` քաղաքական ուժերից անկախ վերլուծության դաշտ չկա, քաղաքագիտական ասվածը, չհաշված հատուկենտ, ցաքուցրիվ փորձերը, ընդամենը էս կամ էն ուժի համակիր-զինվորագրվածի քարոզչությունն է, որ փորձում է ներկայանալ, էսպես ասած, օբյեկտիվի պատմուճանով: Ու չնայած, որ էդ «քաղաքագիտությունն» անգամ օդերևութաբանական պռագնոզ պագոդիի չափ չկարեցավ գոնե մի քիչ, կանխատեսել չասեմ, «հնարավոր է» համարել Հայաստանով մեկ հանկարծակի փչող «սարերի քամին», հիմա հավեսով լծվել է «քաղաքագիտական» քամի փչելու գործին:

Այնպես որ, եթե որոշ երկրներում ֆեյսբուքը հեղափոխություն էր ծնում, մեր երկրում ֆեյսբուքը փորձում է սանձել «քամին»: Իշխանական ու ընդդիմադիր համարվող տարբեր ազդեցության գործակալներ օրնիբուն վերլուծում են ու վերլուծում, բայց հարցը էդ վերլուծությունների ճիշտ ու սխալ լինելը չի, այլ էն, որ դրանով քաղաքականությունը թաքնվում է քաղաքագիտության քողի տակ:  

Իսկ «քաղաքագիտական» քամուց դուրս իրական քաղաքականության քամին է հիմա պտտվում Հայաստանում, և քանի որ քաղաքականությունն ավելի մոտ է արվեստին, քան քաղաքագիտությանը, էդ քամին կոչվում է` բարև: Սա ամենալավը կարող են հասկանալ գրողները` որպես լեզվական աշխատանքից գլուխ հանող մարդիկ: Իհարկե, խոսքս լավ գրողների մասին է, թե չէ` միշտ էլ կան գրողներ, որ կարծում են` բառերը նրա համար են միայն, որ իրերը կոչես իրենց անուններով, հանկարծ ու` մարդիկ խնձորը չշփոթեն խիարի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել