1570 անձ կազատվի հարկերի վճարումից
Մեկ անգամ չէ, որ ասվել է, որ երկրի զարգացման գործում մեծ դեր ունի հարկային բարենպաստ դաշտը, որը թույլ կտա բնակչությանը ավելի ակտիվ զբաղվել ձեռնարկատիրությամբ: Այսպիսի խթան կարող է հանդիսանալ նաև «Հարկային համաներում» անվանումը ստացած փաթեթը, որ վերջերս նախաձեռնեց և հավանության արժանացրեց կառավարությունը: Դա ոչ միայն համաներում է, այլ նաև հարկային դաշտի հստակեցում, ավելի բարենպաստ պայմաններ փոքր բիզնեսի համար: Այն մի կողմից սոցիալական նշանակություն կունենա՝ շատ-շատերին ազատելով տույժերի և տուգանքների վճարումից, մյուս կողմից՝ խթանող, հատկապես ինքնազբաղվածների համար:
Ի թիվս մի շարք այլ գործոնների՝ մինչև 2016թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ երկու և ավելի գույք օտարած և ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գծով հարկային պարտավորություն ունեցող ֆիզիկական անձինք կազատվեն տույժերից և տուգանքներից: Ընդհանուր առմամբ այս փաթեթից օգտվողների թիվը կկազմի շուրջ 15 հազար, իսկ եկամտային ազդեցությունը կարող է հասնել մինչև 6 միլիարդ դրամի:
Տարեկան մինչև 9 միլիոն դրամ շրջանառություն ունեցող և վարձու աշխատողներ չունեցող շուրջ 1570 ինքնազբաղված անձինք կազատվեն հարկերի վճարումից, իսկ արտոնության գումարը կկազմի շուրջ 400 միլիոն դրամ: Այս ցանկի մեջ են հագուստի արտադրությունը, նորոգմունը, փայտյա իրերի պատրաստումը, լեզուների ուսուցումը, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում և գործունեության այլ տեսակները:
Չնայած նրան, որ այս փաթեթով պետական բյուջեի եկամուտների որոշակի պակաս կարձանագրվի, նման քայլերը դրական միջավայր կտեղծեն ինքնազբաղվածության միջոցով սեփական սոցիալական խնդիրները լուծելու գործընթացի վրա: