Artsakhpress.am-ը գրում է.

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեկտեմբերի 13-ին այցելել են Արցախի Հանրապետությունում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է, որ այցելության ընթացքում ընտանեկան բնույթի տեղեկություններ են փոխանակվել։

«Այցելությունը կայացել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում։ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որ նրանց ազատազրկման պայմանների և նրանց հետ վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրանց հարազատների միջև»,- նշել է Էթերի Մուսայելյանը։

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին՝ 5 հոդվածների հատկանիշներով։

Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։

Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել