Սոնա Շահգելդյանն իր  «Հարսի շոր» երգի հիման վրա նկարահանում է տեսահոլովակ: Աշխատանքները սկսվել են այսօր, և ինչպես նշում է երգչուհին, տևելու են ընդամենը մեկ օր: Հիմքում հայկական, ավանդական հարսանեկան արարողություն է, որտեղ ներկայացված են մեր ավանդույթներն ու ծեսերը:

Ինչպես ասում է Սոնա Շահգելդյանը,  իրենք հաշվի են առել յուրաքանչյուր դետալ՝ այդ թվում զգեստները: ArmStar.am-ի հետ զրույցում Սոնան ասաց, որ այսպիսի երգ ու տեսահոլովակ նկարահանելու նպատակ ունեցել է դեռևս մեկ-երկու տարի առաջ. «Մի քիչ ձգձգվեց, բայց ոչինչ, հուսամ՝ լավ կստացվի: Հիմա շատ բաներ են փոխվել, տեսահոլովակը ժամանակակից հարսանիքների մասին չէ, այլ մեր հին, իսկական հարսանիքների:  Շատ ուրախ եմ, որ ես այդ ամենը կարող եմ պահպանել իմ տեսահոլովակի միջոցով, կարող եմ շատ մարդկանց կրթել, որ հետևեն հին ադաթներին»:

 Տեսահոլովակի ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանն է, ում հետ Սոնան արդեն 2-րդ անգամ է համագործակցում: Սոնան համագործակցում է նաև ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու  հետ. «Նա մեծ լումա  ունի այս աշխատանքում, անչափ շնորհակալ եմ իրեն»,-ասաց Շահգելդյանը: Տեսահոլովակը համեմվելու է նաև պարային ելույթներով»:

Երգչուհին տեսահոլովակում  հարսնացուի դերում չի լինելու: Նա ներկայանալու է տարբեր կերպարներով և այսպես ասած «պատմելու է երգը»: Մեր հարցին, թե երբ վերջապես իրականում Սոնային կտեսնենք որպես հարսնացու, երգչուհին պատասխանեց. «Հիմա ես ավելի շատ զբաղված եմ իմ կարիերայով, ուզում եմ այս տարի շատ գործեր անել»:

Երգչուհու «Հարսի շոր»-ը պատրաստ կլինի մոտ 10-15 օրից,  այնուհետև այն կհայտնվի եթերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել