POP-CORN-ը ֆիլմադիտման զուգընկերուհին է :) Իսկ ձմռան ցուրտ երեկոներին չկա ավելի հաճելի զբաղմունք, քան ֆիլմ դիտելը տաք POP-CORN-ի «ուղեկցությամբ»: Եվ քանի որ ես նորից վերադարձել եմ իմ սիրելի զբաղմունքին, ներկայացնեմ ամսվա ամենաուշագրավ պրեմիերաները:
Այս ամսվա ֆիլմերի միջև ընտրություն կատարելիս ի վերջո որոշեցի հիմնվել ժողովրդավարական սկզբունքների վրա և ուսումնասիրությանս սեղանին հայտնվեցին միանգամայն տարբեր ճամբարներում գտնվող ֆիլմեր: Եվ եթե քո սիրելի ժանրը սարսափ, կատակերգություն, վեսթերն, դրամա, մելոդրամա, ֆանտաստիկայի ժանրերից է կամ էլ սիրում ես անիմացիոն մուլտֆիլմեր, ապա վստահ շարունակիր ընթերցել:

«Մեծ հույսեր» (դրամա, մելոդրամա)
Ռեժիսոր` Մայքլ Նյուել
Գլխ. դերերում` Հելենա Բոնեմ Քարտեր, Ռեյֆ Ֆայնս, Ռոբի Կոլտրեյն
Եթե քեզ նույնպես ծանոթ թվաց այս ֆիլմի վերնագիրը, ու սկսեցիր մտքում թերթել նախկինում կարդացածդ Դիկենսի ստեղծագործությունները, ապա ճիշտ ուղու վրա ես. այս ֆիլմը հենց համանուն վեպի նոր էկրանավորումն է:
Այս ստեղծագործության տպագրումից ի վեր վեպն ունեցել է ավելի քան վեց էկրանավորում` չհաշված դրա հիման վրա բեմադրված ներկայացումներն ամբողջ աշխարհում: Սակայն այդ ցանկում ամենահայտնին 1948թ.-ին նկարահանվածն է: «Կոչումից» զուրկ չի մնացել նաև այս վերջինը, որը շատ կինոքննադատներ բնութագրել են որպես «ամենաէքսցենտրիկ տարբերակ»:
Սյուժե. երիտասարդ որբ Պիպն ապրում է ամուսնացած քրոջ տանը, ով անընդհատ ծեծում ու առիթը բաց չի թողնում եղբորը կծու խոսքերով նախատելու համար: Խեղճ Պիպը մխիթարություն է գտնում միայն դարբնագործության և հարևանի աղջկա հետ շփման մեջ: Նրա երազանքն է ամուսնանալ հարևանուհի Էստելի հետ, սակայն դարբնի արհեստը շատ հեռու է գոռոզ հարևանուհու ճաշակից:
Մի օր ճանապարհին Պիպը հանդիպում է փախուստի դիմած դատապարտյալի, որը շրջադարձային է լինում երիտասարդի կյանքում: Շատ չանցած` նա անանուն նվիրատվություն է ստանում ու տեղափոխվում է Լոնդոն, որպեսզի մեծանա որպես «փայլուն ջենթլմեն»:
Ֆիլմի ռեժիսոր Մայքլ Նյուելը բոլորիս առավել հայտնի է որպես Հարի Փոթերի մասին ֆիլմերից մեկի գլխավոր ռեժիսոր: Հավանաբար հենց դա է պատճառը, որ «Մեծ հույսեր» ֆիլմում են հայտնվել Հարրի Փոթերից հետո կինոասպարեզից վերացած «լորդ Վոլան դե Մորտն» ու «Ռուբեուս Հագրիդը»:
Ֆիլմի պրեմիերան ԱՊՀ տարածքում տեղի է ունեցել հենց տարեսկզբին, իսկ առաջին ցուցադրություններն ԱՄՆ-ում սկսվել էին դեռ 2012-ի սեպտեմբերին: Ու եթե հավատանք արտասահմանցի հանդիսատեսի գրած կարծիքներին, ապա 2 ժամ 9 րոպե տևողությամբ ֆիլմն ավարտին է հասնում ուղղակի ակնթարթորեն խիստ հագեցած իրադարձությունների շնորհիվ. չէ՞ որ այդ ժամանակահատվածում ներկայացվում են Պիպի կյանքի 30 տարիները, և հանդիսատեսը լարված դիտելու ընթացքում վայրկյան անգամ չի կարող գտնել ժամացույցին նայելու համար: Այնպես որ այս ֆիլմի համար վերցրեք մեծ POP CORN ու հանգիստ պատրաստվեք աշխարհից կտրվելուն :)

«Վերադարձ դեպի ծով» (անիմացիոն մուլտֆիլմ)
Ռեժիսոր` Թոմ Լու
Սցենարի հեղինակ` Ջեյմս
Դ. Մոնտելարո
Սյուժե. մուլտֆիլմի գլխավոր հերոսը Քևինն է` Նյու Յորքի հարևանությամբ գտնվող ջրերում ապրող ձուկը: Ինչպես և բոլոր դեռահասները` նա նույնպես հավատացած է, որ ինքն ամենակարող է և խելացի, տիեզերքն էլ ուղղակի պտտվում է իր շուրջը: Իսկ իրականում նա մի հասարակ ու փոքր «թռչող» ձուկ է, որն ապրում է ընտանեկան մեծ կողպեքի ներքո: Քևինը չի սիրում իրենց բնակատեղին ու վաղուց երազում է Բարբադոս գնալու մասին. չէ՞ որ ջուրն այնտեղ այնքան մաքուր է, որ կարելի է տեսնել ու անգամ աչքով անել կիլոմետրերով հեռու լողացող ընկերներին: Սակայն այնտեղ տանող ճանապարհը շատ վտանգավոր է, հետևաբար ոչ ոք չի պատրաստվում ռիսկի ենթարկել սեփական կյանքը, իսկ հայրն էլ մշտապես նախատում է երազկոտ որդուն: Մի օր Քևինը որոշում է հակառակվել բոլորին ու միայնակ դուրս գալ մեծ ծով և... հայտնվում է ձկնորսների ցանցում` մեծ խելքի փոխարեն բոլորին ի ցույց դնելով իր անհիմն մեծամտությունը:
Երազած Բարբադոսի փոխարեն Քևինի նոր բնակատեղին է դառնում չինական ռեստորանի ակվարիումը: Այստեղ նրա հետ նույն հարկի տակ բնակվում են բազմաթիվ ձկներ, որոնք ցանկացած պահի կարող են «հրաժեշտ տալ» կյանքին, եթե հաճախորդներից մեկը հանկարծ որոշի պատվերում գրանցել հենց իրենց: Սակայն այդ ձկներին դա ընդհանրապես չի մտահոգում, քանի որ նրանց ակվարիումում տարածված է այն կարծիքը, թե խոհարարի ձեռքերով տապակա դառնալով իրենք վերածվում են մարդկանց: Ու հիմա Քևինը պետք է դրսևորի իսկական հռետորի հատկանիշներ` ստիպելով բոլորին միացնել իրենց ձկնային սառած ուղեղները` փորձելով գտնել փախուստի ելքեր:
Արկածներով, բարոյախրատական քարոզներով հարուստ մուլտֆիլմը համացանցում և սկավառակներով հասանելի կդառնա արդեն այս ամսի 5-ից: Մնում է միայն «պատրաստել» լողազգեստներն ու մուտք գործել 3D ջրային տարածք :)

«Ջանգոն ազատագրված» (վեսթերն, կատակերգություն)
Ռեժիսոր` Քվենտին Տարանտինո
Գլխ. դերերում` Ջեյմի Ֆոքս, Քրիստոֆ Վալց, Լեոնարդո դի Կապրիո
Հանրահայտ ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի նոր մտահղացումն այս անգամ 1966թ.-ին իտալական ֆիլմի վերաէկրանավորումն է: Ամեն դեպքում պետք չէ մոռանալ, որ «ռիմեյքի» հեղինակն ինչ-որ մեկը չէ, այլ հենց Տարանտինոն: Ըստ այդմ` ֆիլմը տեղը տեղին համեմված է տարանտինոյական հումորներով և էքսցենտրիկ կերպարների մի ամբողջ փնջով:
Սյուժե. ֆիլմի դեպքերը կատարվում են 1859թ.` ամերիկյան քաղաքացիական պատերազմից երկու տարի առաջ, երբ նոր մայրցամաքում ծաղկում էր ստրկատիրական համակարգը: ԱՄՆ-ի վայրի արևելքում ժամանակավորապես բնակվում է նաև մի վարձու մարդասպան` բժիշկ Շուլցը, ով բոլորին առավել հայտնի է «ատամնաբույժ» կեղծանվամբ: Վերջինս տանել չի կարողանում ռասայական խտրականություններն ու որոշում է զինվել ատրճանակով` ԱՄՆ-ում ծաղկեցնելով իր ՙհոբբին՚: Սակայն աշխատանքներն այս հողում շատ փոշոտ են ու առանց հավատարիմ օգնականի գործը գլուխ բերել հնարավոր չէ: Այդ գործի համար «ատամնաբույժն» ընտրում է սևամորթ ստրուկ Ջանգոյին` խոստանալով ազատություն: Համատեղ գործում Ջանգոն ունի նաև հավելյալ շարժառիթ` գործընկերոջ հետ գտնել ու ստրկությունից ազատագրել կնոջը:
Մինչ ֆիլմի ստեղծումը Քվենտին Տարանտինոն լուրջ ուսումնասիրության էր ենթարկել ամերիկյան պատմությունը` փորձելով ֆիլմի համար գտնել ինքնատիպ սյուժե: Հարցազրույցների ընթացքում նա չէր հոգնում կրկնել, որ ուզում է ուսումնասիրել պատմական այնպիսի երևույթ, որին մինչ այդ չի դիպչել ոչ մի ռեժիսոր: Ֆիլմի սյուժեն «կուսական» չէ, և իտալական տարբերակի «ռիմեյքն» է, բայց ամեն դեպքում այս ժամանակաշրջանը շատ քիչ է ուսումնասիրված ամերիկյան կինոինդուստրիայում: Այնպես որ Տարանտինոյի ցանկությունն իրագործվեց մասամբ, իսկ կինոդիտողներիս գնահատականների մասին խոսելը դեռ վաղ է: Այնուհանդերձ, մինչ պրեմիերան ֆիլմը դիտած կինոքննադատների մի մասն այն անվանել են տարվա լավագույն ֆիլմ, իսկ Տարանտինոյին` վաղուց մոռացված «սպագետի-վեսթերն» ժանրի վերածնող:
Արյունոտ տեսարաններ, կտրուկ շրջադարձեր, հումորային երկխոսությունների մի ամբողջ պաշար, ծայրահեղ էքսցենտրիկ ատամնաբույժ, իրավունքներից զուրկ սևամորթներ ու դերասանական հզոր կազմ. ահա թե ինչ է այս ամիս մեզ սպասվում կինոէկրաններին:

«Տաք մարմիններ» (կատակերգություն, սարսափ)
Ռեժիսոր` Ջոնաթան Լևին
Գլխ. դերերում` Նիկոլաս Հոլթ, Թերեզա Պալմեր
Ամերիկացի բլոգեր Այզեկ Մարիոնին հաջողությունը ժպտաց շատ անսպասելի, բայց արժանի կերպով: Մի խոշոր հրատարակչություն անհայտ տաղանդներին փնտրելիս պատահականորեն համացանցում հայտնաբերեց նրա ինքնատիպ վեպը: Իսկ տպագրվելուց հետո այն իսկական ֆուրոր առաջացրեց, և քիչ ժամանակ անց որոշվեց նաև դրա հիման վրա ֆիլմ նկարահանել:
Սյուժե. ամենուրեք մեծ արագությամբ տարածվում է ժանտախտը, և ողջ աշխարհի բնակչությունը կանգնած է մահվան եզրին: Նրանք, ովքեր հիվանդության հետևանքով միանգամից չեն պառկել գերեզմաններում, վերածվել են քայլող դիակների` զոմբիների: Դրանք խմբերով շրջում և որսում են կենդանի մարդկանց: Իսկ զոմբիների թիվը, հակառակը, օրեցօր ավելանում է, և արդեն պարզից էլ պարզ է, որ «ռասայական պատերազմն» ավարտվելու է մեկ անգամ արդեն մեռածների հաղթանակով:
Ամեն ինչ փոխվում է, երբ օրերից մի օր, հակառակվելով բնության օրենքներին, զոմբիներից Ռ.-ն ուտելու փոխարեն փրկում է մի աղջկա կյանքը: Փրկված Ջուլին ու Ռ.-ն սկսում են շփվել միմյանց հետ և յուրաքանչյուրն սկսում է հասկանալ հակառակորդ կողմի մտածելակերպը: Սակայն ոչ Ռ.-ն և ոչ էլ Ջուլին դեռևս չեն հասկանում, որ իրենց ձեռքերում են պահում աշխարհի փրկության միակ բանալին:
Համանուն գրքի հեղինակ Այզեկ Մարիոնն իր վեպի միջոցով շրջանառության մեջ դրեց մի նոր, հետաքրքիր կերպար: Եթե «Մթնշաղից» հետո շատերը սկսեցին արնախում վամպիրներին ուղղակի համակրել, ապա այժմ այդ նույն վերաբերմունքին կարող է հավակնել զոմբիի կերպարը: Ֆիլմի գլխավոր հերոսը ներկայանում է բավականին ինքնատիպ ու գրավիչ արտաքինով և հանդես է գալիս որպես ռոմանտիկ կերպար:
Ֆիլմը փետրվարի 1-ից արդեն համաշխարհային կինոէկրաններին է ու ռոմանտիկ և հումորային սարսափին սպասելն այլևս պարտադիր չէ:
P.S. Քանի որ նյութը պատրաստեցի գիշերն ու հիմա աշխատանքի եմ շտապում առանց քնելու, նշանակում է, որ ամբողջ օրը քայլելու եմ ինչպես իսկական զոմբի, իսկ օրվա վերջին երևի կսկսեմ հասկանալ վերջին ֆիլմի գլխավոր հերոսին :)



