Պարզվում է` ըստ աստղակերպի անհամատեղելի թվացող զույգերն էլ կարող են հաշտ ու համերաշխ ապրել: Ապացույցը հայտնի մարդկանց օրինակներն են, ովքեր, անկախ աստղագուշական տեսության հուշումներից, ընտանիք են կազմել::
Բացահայտիր, թե հայտնի զույգերից ովքե՞ր են ամենահամատեղելին:

Սյուզան Մարգարյան և Հրաչյա Հարությունյան
Մշտապես ներդաշնակությամբ աչքի ընկնող Սյուզան Մարգարյան և Հրաչյա Հարությունյան զույգը, պարզվում է, համատեղելի է նաև հորոսկոպի նշաններով: Երկուսն էլ Օդի տարերքի նշանների ներքո են ծնվել. Սյուզանը Կշեռք է, իսկ Հրաչյան` Ջրհոս: Ի դեպ, նրանք երկուսն էլ Ցլի տարում են ծնվել: Սյուզանն անկեղծացավ, որ մինչ ամուսնությունն արդեն գիտեր, որ իրենց նշանները համատեղելի են: «Երկուսս էլ իրար հասկանալու ունակություն ունենք, ավելի զիջող ենք ու ամեն իրավիճակից փորձում ենք ելք գտնել: Իհարկե, կյանքում կան բացառություններ, բայց ընդհանուր առմամբ մեր նշանները համատեղելի են»:

Ջուլիետա Ստեփանյան և Սամվել Բաղինյան
Թեև մեր ներկայացրած հորոսկոպում չի նշվում, որ աստղակերպի Կարիճ նշանի ներքո ծնվածները համատեղելի են, սակայն Ջուլիետա Ստեփանյանը և ամուսինը` Սամվել Բաղինյանը, հակառակն են պնդում: «Երկուսս էլ զանգակ ենք, բայց Սամվելը մի փոքր ավելի փափուկ է. միասին զայրանում ենք, միասին փափկում: Կարիճի տարբեր աստիճաններ կան, որոնք կա´մ համատեղելի են, կա´մ ոչ` կախված նրանից, թե որ ժամանակահատվածում է ծնվել տվյալ մարդը»,- ասաց տիկին Ջուլիան, ով այս մասին տեղեկացել է աստղաբանի հետ զրույցից:

Յանա Դանիելյան և Սուրեն Փահլևանյան
Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը աստղակերպի նշանով Խեցգետին է, իսկ ամուսինը` Սուրեն Փահլևանյանը` Առյուծ: Մինչ ամուսնանալը Յանան բացարձակ ուշադրություն չի դարձրել իրենց նշանների համատեղելիությանը, սակայն լսել է, որ համադրվող են: Իսկ մեր հորոսկոպն ասում է, որ Խեցգետինն ու Առյուծը համատեղելիության առումով լավագույն տարբերակը չեն: «Մեր դեպքում Առյուծը չի խանգարում Խեցգետնին: Երկուսս էլ տունն ու ընտանիքը սիրող մարդիկ ենք, հավատարիմ ենք ու շատ շուտ ենք հավատում: Երևի հենց այս հատկանիշների շնորհիվ էլ մեր զույգը համատեղելի է»,- անկեղծ նշեց Յանան:
Մանո և Սարգիս Գրիգորյաններ
Դերասանուհի Մանոն Սարգսի հետ ամուսնանալիս շատ է հետևել աստղակերպի նշանների համատեղելիությանը և պարզել է, որ աստղակերպի իր նշանը` Խոյը, այնքան էլ համատեղելի չէ Սարգսի` Աղեղնավորի նշանի հետ: Սակայն, ըստ մեր ներկայացրած աստղագուշակի, Խոյի իդեալը պետք է լինի հենց Աղեղնավորը: Մանոյի խոսքերով` Խոյին զայրացնում է Աղեղնավորի որոշումների մեջ ծայրահեղ լինելը. «Սակայն Խոյը կարողանում է նաև Աղեղնավորի կրքոտությունն ու անհամբերությունը կառավարել»:

Լուիզա Ներսիսյան և Հրանտ Թոխատյան
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, ով աստղակերպի նշանով Առյուծ է, կարծում է` համատեղելի է ամուսնու` Այծեղջյուր նշանի հետ: «Եթե համատեղելի չլինեինք, միասին չէինք լինի,- համոզված նշեց Լուիզան և շարունակեց,- գուցե թվում է` մեկս կոտոշավոր է, մյուսս` էգոիստ, սակայն առօրյա կյանքում դա չի զգացվում, որովհետև սիրող մարդիկ կարողանում են զիջումների գնալ»: Թեպետ ստորև ներկայացված հորոսկոպում չի նշվում, որ այս երկու նշանները համատեղելի են, սակայն հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում :)



