Պատգամավոր դարձած Շուշան Պետրոսյանը հաճախ իրեն թույլ է տալիս արտահայտություններ, որոնք վիրավորում են հասարակության լայն զանգվածների: Հայրենասիրական կեղծ շղարշով պատված երգչուհին կամաց-կամաց բացահայտում է իր իրական դեմքը: Դուք կատարել եք գեղեցիկ երգեր, բայց այդ երգերը ձերը չեն, այլ երգահաններինն ու կոմպոզիտորներինը, Դուք ուղղակի կատարողն եք՝ ուրիշ ոչինչ: Ո՞վ է Ձեզ իրավունք վերապահել, որ տարված լինելով կուսակցական «գաղափարախոսությամբ»՝ վիրավորում եք հասարակության այս կամ այն շերտին կամ էլ քմծիծաղով եք խոսում մարդկանց հետ: Ինչպե՞ս կարող եք Դուք աղքատ հասարակությանը ներկայացնել «լավագույն թեկնածուի» Ձեր բաղադրատոմսը, երբ երկրում մարդիկ սովամահության են դատապարտված, երբ կանայք ամիսներով և տարիներով չեն տեսնում արտագնա աշխատանքի մեկնած իրենց ամուսիններին, երբ երեխաները կարոտում են իրենց հայրիկներին, երբ ժողովուրդը կռացած է վարկերի տակ, երբ թոշակառուներին տալիս են ողորմելի գումար, երբ մարդիկ ճարահատյալ լքում են իրենց ծննդավայրերը: Դուք կարող եք ապրել ապահով կյանքով, որովհետև Ձեզ կոճակ սեղմելու համար վճարում են մի քանի հարյուր հազար դրամ, որովհետև Ձեզ մեկ երգ կատարելու համար վճարում են մի քանի հազար դոլար: Դուք մեղադրում եք ժողովրդին 5000 դրամով գայթակղվելու մեջ, բայց լավ է գոնե խոստովանեցիք, որ ձեր կուսակցությունը կաշառել է ժողովրդին, Դուք ակամայից հաստատեցիք ընտրակաշառք բաժանելու փաստը, որը Ձեր կուսակիցները փորձում են մերժել: Դուք սիրում եք դիմացինին հարց տալ, թե նա ի՞նչ է արել իր հայրենիքի համար: Ես իմ ընտանիքի անունից կասեմ, որ հայրս Արցախյան պատերազմի մասնակից է, մայրս 3 երեխաներ է լույս աշխարհ բերել, ես 2 տարի ծառայել եմ Ազգային բանակում, քույրիկս դաստիարակում է մեր բանակի վաղվա երկու զինվորների: Իսկ ի՞նչ եք Դուք արել, երգե՞լ եք խրամատներում: Մի մոռացեք, որ դրա համար Ձեզ վճարել են: Եթե ոչ, ապա ինչու՞ հիմա հանրապետության հեռավոր գյուղերում համերգներ չեք տալիս: Ես կուզենայի Ձեր նման անձնավորությանը զրկեին իմ երկրի ամենաբարձր՝ «Վաստակավոր արտիստ»-ի կոչումից, որովհետև ես չեմ ուզում, որ վաղը իմ երեխան հեռուստատեսությամբ տեսնի Ձեր ժարգոնախառը և բազառ հիշեցնող ելույթները, ես չեմ ուզում, որ Դուք կրեք այդ կոչումը և ներկայացնեք այն կուսակցության շահերը, որտեղ քրեաօլիգարխիկ մարդիկ կան, և որի սխալ քաղաքականության շնորհիվ մեր երկիրը կանգնած է անդնդի եզրին: Դուք, կրելով «Վաստակավորի» կոչումը, պետք է վեր կանգնեք ամեն ինչից և խոսեք ժողովրդի անունից, այդ կոչումը ժողովրդինն է: Վստահ եմ, որ Ձեզ չեն զրկի «Վաստակավոր արտիստի» կոչումից, քանի որ Դուք գովերգում եք նրանց, ովքեր Ձեզ անհասկանալի պատճառներով դարձրել են «վաստակավոր», բայց իմացեք՝ շատերը արդեն Ձեզ ու Ձեր երգերը չեն սիրում, և Դուք նրանց համար ուղղակի «Վաստակավոր Հայաստանի Հանրապետական Կուսակցության արտիստ» եք միայն: