Կինը, ում «թույլ չտվեցին ծնվել» կարող էր լինել, օրինակ, «իմ մարմինն իմ իրավունքն է» պայքարի ակտիվիստների ընկերը։ Իմ խորին համոզմամբ՝ կնոջ բացառիկ իրավունքն է որոշել՝ ընդհատել, թե ոչ, հղիությունը առաջին տրիմեստրի ընթացքում։
Կինը, «ով չի ուզում ամուսնանալ» կարող է լինել իր ցանկության ընկերը։ Իմ խորին համոզմամբ՝ կնոջ բացառիկ իրավունքն է որոշել՝ ամուսնանալ, թե ոչ...
Կինը, ում ամուսինը մահացել է, կարող է մնալ իր ամուսնու ընկերը ամուսնու մահից հետո էլ։ Իմ խորին համոզմամբ՝ սերն ու փոխադարձ հարգանքը, հիշողությունն ու ջերմությունը չեն խզվում ամուսիններից մեկի մահվամբ, քանի որ սերը, հարգանքը, հիշողությունն ու ջերմությունը մահից զորեղ են։
Կինը, ով «կին ունի ու չի կարող կամ չի ուզում ամուսնանալ» կարող է լինել, օրինակ, իր կնոջ ընկերը, իր կարողության կամ ցանկությունների ընկերը։ Իմ խորին համոզմամբ՝ ընկերությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման պարտադիր ենթակա չէ ու համատեղ տնտեսավարում չի ենթադրում։
Կինը, ով չի ամուսնացել, էնքան մարդու ընկեր կարող է լինել, որ ասելու էլ չի։ Իր գործընկերների, իր աշակերտների, իր թիմակիցների, իր ուսուցիչների, իր պացիենտների, իր հաճախորդների, իր... Մի խոսքով՝ էնքան մարդու, որ իսկի ասելու էլ չի։ Ի վերջո, կինը արարիչ է, առավել ևս՝ չամուսնացած կինն արարելու իր ներուժը երբեմն ավելի մեծ նվիրումով ու անմնացորդ է իրացնում։ Իմ խորին համոզմամբ՝ ընկերությունը սեռական ու վերարտադրողական կյանքի հետ շփոթելը մեծ երևակայություն է պահանջում։
Կինը, ով «ծնվել է ուրիշ մարմնում և չի նույնականացնում իրեն որպես կին» կարող է լինել իր մարմնի ընկերը, իր նույնականացման ընկերը, իր նույնականացման հետ նույնականացնողների ընկերը, իր նույնականացումը նույնականացնողներին նույնականացնողների ընկերը։ Ի վերջո, Փոքրիկ իշխանի ընկերը Վարդն էր, Աղվեսն էր ու Օդաչուն։ Անգամ՝ Օձը, ով նրան օգնեց վերադառնալ իր Վարդի մոտ։ Իմ խորին համոզմամբ՝ ընկերներին գտնում ես ոչ թե մարմնում, այլ մտքի ու հոգու մեջ... ու ընկերներին պահելու տեղն էլ սրտում է, ոչ թե մարմնում...
Կինը, «ով սեռափոխվելու հնարավորություն չունի», կարող է լինել սեռափոխվելու իր իրավունքի ընկերը։ Երբեմն իրավունքն ավելի հուսալի ընկեր է, քան հնարավորությունը։ Իմ խորին համոզմամբ՝ ոչինչ չի կարող սահամանփակել Տատյանա Մարկովայի գեղեցիկ հեքիաթի փոքրիկ իշուկի երազանքը՝ դառնալ թիթեռնիկ։ Հասարակությունը պարտավոր է հարգել այդ իրավունքը։ Ափսոս, որ հարկատուի հաշվին հնարավոր չէ իրականացնել յուրաքանչյուրի բոլոր երազանքները։ Տա Աստված, յուրաքանչյուրին իր ամենամեծ երազանքն իրականացնելու հնարավորություն։
Կինը, ով «գենդերքվիր է», կարող է լինել հայոց լեզվի և գրականության ընկերը, որը կօգնի նրան շատ-շատերին բացատրել, թե ով է ինքը, ինչ է զգում, ինչ խնդիրներ ունի, ինչն է իրեն խանգարում, ինչի կարիք ունի։ Բացատրել էնպես, որ բացատրելուց հետո իրեն կհասկանան ու չեն օտարվի։ Բացատրել էն լեզվով, որով նրանք, ում փորձում ես բացատրել, հաղորդակցվում են։ Բացատրել պարզ, մարդկային հասկանալի լեզվով։ Իմ խորին համոզմամբ՝ հաղորդակցությունը կարևոր է, հատկապես՝ ընկերների հետ։
Կինը, ով «սեքս-աշխատող» է, կարող է լինել իր ամուսնու ու երեխաների ընկերը։ Մարմնավաճառ լինելը զբաղմունք է, գործունեություն, ոչ թե խարան կամ ընտանիք չունենալու կարծրատիպի հիմք։ Նրանցից շատերն ունեն և՛ ամուսին, և՛ երեխա։ Իմ խորին համոզմամբ՝ «մարմնավաճառ» եզրը որևէ բացասական իմաստ չունի, և հայերեն հրաշալի «մարմնավաճառ»-ը լիարժեքորեն նկարագրում է այս կանանց գործունեության բնույթը, շեշտում է, որ այս կանայք հոգի չեն վաճառում, այլ մարմին, շեշտում է, որ այս գործունեությամբ զբաղվելու համար պարտադիր չէ լինել որևէ մեկի «աշխատողը» ու շահագործվել, ասես բացատրում է, թե ինչու է քրեականացված կավատությունը, իսկ մարմնավաճառությունը, բնականաբար՝ ոչ, այս գործունեությունը տանում է ինքնազբաղվածության դաշտ ու ընդգծում դրա անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Իմ խորին համոզմամբ՝ «սեքս-աշխատող» արհեստական ու անհարկի թարգմանությունը հայերենի լեզվամտածողությանն օտար անգրագիտության հետևանք է, այլապես «խոհարարը» պիտի լիներ «սնունդ-աշխատող», «վարորդը»՝ «ուղևորա(բեռնա)փոխադրող-աշխատող», զինվորը՝ «կռիվ-աշխատող», գրավաճառը՝ «ընթերցանության-աշխատող», մսավաճառը՝ «պրոտեին-աշխատող»։ Սովետից մնացած էդ տեսակ շատ արհեստական բառեր ունենք, օրինակ՝ «բուժաշխատող», «գիտաշխատող»։
Բռնության ենթարկված կինը կարող է լինել բռնությունից իրեն պաշտպանողի ընկերը՝ հարևանի, ոստիկանի, սոցաշխատողի, հոգևորականի, իրեն ապաստան տվողի։ Բռնության ենթարկված կինը կարող է լինել իր եղբոր ու քրոջ ընկերը, իր ընկերների ընկերը, ի վերջո՝ իրեն բռնության ենթարկողի ընկերը, քան որ բռնությունը միշտ չէ, որ վերջ է դնում ընկերությանը։ Աշխարհիս վրա կա նաև հաշտություն, թե չէ մեկ անգամ պատերազմած երկրները պիտի հավերժ մինչև ոչնչացում շարունակեն մնալ թշնամի։ Ասենք, ընտանեկան բռնության ենթարկված կինը (ամուսինը) կարող է այլևս չլինել իր նախկին ամուսնու կինը, բայց մնալ նրա ընկերը հետագայում։ Այո՛, բռնությունը վերջ է դնում շատ ու շատ բաների, հաճախ առաջին հերթին նաև ընկերությանը, բայց տարաձայնությունները բռնությամբ լուծելու այլընտրանքը հենց ընկերությունն է։ Անգամ, երբ ավարտվում է սերը, ընկերությունը շարունակում է մնալ միակ կամուրջը, որը մարդկանց կապում է իրար։ Իմ խորին համոզմամբ՝ բռնության դեմ պայքարը ընկերությունը խզելու համար պայքար չէ, բռնության դեմ պայքարը հանուն ընկերության պայքար է։
Կինը, ով «ընտանիքի հոգսերն է հոգում, բայց ամուսինը այլ ընկերներ ունի», կարող է լինել իր ամուսնու ընկերը, իր ամուսնու ընկերների ընկերը, որովհետև ընտանիքի հոգսեր քաշելը երկուսի պարտականությունն ու իրավունքն է անգամ, եթե դերերը տարբեր են, անգամ, եթե էդ դերերը հավասար չեն բաշխված։ Ընկերության մեջ միշտ չէ, որ հոգսը հավասարապես է բաշխվում ընկերների միջև, յուրաքանչյուրը միշտ չէ, որ քանակապես հավասար ներդրում է ունենում ընդհանուր գործում, այլապես նյութական, ֆիզիկական կամ մտավոր կարողությունների սահմանափակում ունեցողների ընկերները պիտի լինեին միայն նրանք, ովքեր նույնքան ներդրում են ունենում ընկերության ընդհանուր ջանքում։ Իմ խորին համոզմամբ՝ ամուսնական պայմանագիր կարելի է կնքել, բայց ընկերության պայմանագիր՝ ոչ...
Սիրուհին իր սիրածի ընկերը կարող է լինել, իսկ եթե իր սիրածի ընկերը չի կարող լիենլ, չի փորձում լինել, բայց մնում է, ուզում է մնալ կամ հարկադրված է լիենլ սիրուհին, ապա կարող է, օրինակ, փորձել քանդել իր սիրածի ընտանիքը և փոխել իր կարգավիճակը, եթե վերջինս ունի ընտանիք, կամ կարող է վայելել իր անկախությունն ու մասնակցել «աշնանային մարաթոնին»։ Իմ խորին համոզմամբ՝ սիրուհին քաղաքակիրթ աշխարհում այլևս կարգավիճակ չէ, և տարօրինակ անգլալեզու բառեր օգտագործելուց առաջ հարկավոր է հաշտվել էս իրականության հետ...
Կինը, ով «մասնակցել է պատերազմին» իր ժողովրդի, իր պետության, իր ամուսնու, իր մարտական ընկերների ընկերն է։ Իմ խորին համոզմամբ՝ անվտանգության ու պաշտպանության ոլորտները, դրանց մասնագիտություններն ու աշխատատեղերը պիտի ավելի ու ավելի հասանելի լինեն կանանց համար։
Տեղահանված կնոջ ընկերը նրա կարիքները հոգացող հասարակության անդամն է ու հարկատուն, կարող է լինել և իր ամուսինը կամ ընկերը։ Իմ խորին համոզմամբ՝ հատուկ կարիք ունեցող մարդու ընկերը էդ կարիքները բավարարելուն ուղղված քայլեր անողն է, որովհետև միայն ընկերը կարող է հոգալ ընկերոջ կարիքը։
Կինը, «ում որդու համար 1000 դրամներ պետք է հավաքենք», էդ հազար դրամները տվողի ընկերն է, իր որդու կյանքով փրկվածների ընկերն է, իր որդու հրամանատարի, ենթակայի ու ծառայակցի ընկերն է։ Իմ խորին համոզմամբ՝ էդ որդիները միայն կանանցը չեն, նաև տղամարդկանցն են, ու միշտ չէ, որ կարելի է կանանց ու տղամարդկանց բարիկադավորել մարքսիստական ֆեմինիզմի տրամաբանությամբ, ֆեմինիզմի բազմաթիվ այլ՝ ավելի ժամանակակից ու հավասարվեն գաղափարախոսական ուղղություններ կան։
Ցուցարար կինը թերևս ցուցարար այլ կանանց ու ցուցարար տղամարդկանց ընկերն է, իր հետ նույն շահերն ունեցողի ընկերն է։ Ցուցարար կինը նաև իր անվտանգությունը ապահովող իրավապահի ընկերն է, կնոջ ցույցի իրավունքը հարգող ու տուն հասնելու համար ցուցարար կնոջ փակած փողոցը քաղաքի կեսով շրջանցող չցուցարարի ընկերն է, կնոջ ցույցի ընթացքում գիշերները երեք տարեկան երեխային քնեցնել չկարողացող կնոջ ու տղամարդու ընկերն է։ Իմ խորին համոզմամբ՝ ցուցարարը նախ ցուցարար է, հետո նոր՝ կին կամ տղամարդ, վարորդը, նախարարը, խոհարարը, նախ՝ վարորդ, նախարար ու խոհարար են, ապա նոր՝ կին կամ տղամարդ։ Եթե ցուցարարը մի պահ անգամ մտածեց, որ ինքը ցուցարար լինելուց առաջ կին է, ապա զուր տեղը մրսեցնում է երիկամները։
Սևազգեստ կանանց ընկերը առաջին հերթին սևազգեստ կանայք են ու սևազգեստ տղամարդիկ, ինչպես ընդհանուր շահեր ունեցողների ցանկացած խմբում։ Հոսանքազրկված շենքի բնակիչների ամենալավ ընկերը նույն շենքի այլ բնակիչներն են։ Իմ խորին համոզմամբ, եթե արդարության հասնելու ջանքերում մարդս միայնակ մնա ու չփորձի միավորվել իր խնդիրն ունեցողներ հետ, չփորձի մյուսներին ցույց տալ, որ նրանք ևս կարող էին լինել իր տեղում կամ դեռ կարող են լինել իր վիճակում, եթե հասարակությունը մոբիլիզացնելու, ընկերներ, համակիրներ, աջակիցներ ձեռք բերելու փոխարեն մտածի, թե հասարակությունն ինքնաբերաբար պիտի ընկալի իր խնդիրն ու դասականի ասած՝ ինքնստինքյան զորավիգ լինի իր պահանջին, իր պայքարին, ապա էդ պայքարը հենց սկզբից դատապարտված է։ Ընկերն պիտի փնտրեն անգամ արդարներից արդարները, և փրկիչներն անգամ առանց առաքյալների ոչինչ են։
Կինը, ով խնամքի կարիք ունի, ընկեր ունի նրան, ով իրեն խնամում է, ով էդ խնամքի համար իրենից իրենը կտրում է ու տալիս է խնամքի կարիք ունեցողին։ Խնամքի կարիք ունեցող կնոջ ընկեր նաև է, ում մասին հոգում է խնամքի կարիք ունեցող կինը։ Իմ խորին համոզմամբ, խնամքի կարիք ունեցողները խնամքից առավել հենց ընկերոջ կարիք ունեն։
«Խոպանչու» կինը իր ընտրության ու չընտրության ընկերն է, իր արտագնա աշխատանքի ճանապարհն ընտրած ու երբեմն՝ էդ ճանապարհին մոլորված ու կորած ամուսնու ընկերն է, «խոպանչի» կինը իր Հայաստանում թողած ամուսնու ու ընկերների ընկերն է։ Շատերի ընկերն է «խոպանչու կինը», իսկ այ արտագնա աշխատանքի մեկնածին «խոպանչի» պիտակավորողի ընկերը «խոպանչու» կինը չի կարող լինել, որովհետև պիտակավրողները ընկեր հազվադեպ են լինում, հակառակորդ՝ հաճախ, ընկեր՝ հազվադեպ։ Իմ խորին համոզմամբ՝ «սեքս-աշխատող»-ի կողքին «խոպանչի»-ն չափազանց սեքսիստական, ռասիստական, այլատյաց ու մարդավախ հնչողություն ունի։
Գործազուրկ կնոջ ընկերը կարող է լինել շուկայում մրցունակ կարողություններ նրան տվողը, ինքնազբաղվածության մղողը, WINNET Հայաստանն օրինակ, աշխատանքն ու ընտանիքի խնամքը համադրելու հնարավորություն տվող աշխատատեղ ստեղծող գործարարը, դրա համար անհրաժեշտ կարգավորման դաշտ ձևավորողը։ Իմ խորին համոզմամբ՝ գործազուրկ կնոջ ընկերը կյանքին լիարժեք կերպով մասնակցելու հնարավորություն տվող յուրաքանչյուր մարդ է՝ ծանոթ լինի գործազուրկ կնոջը, թե անծանոթ։
Բանտարկյալ կնոջ ընկերը կարող է լինել բախտակից բանտակիցը, կարող է լինել կյանքի դժվար շրջանը հաղթահարելու գործում նրան օգնող յուրաքանչյուր մեկը։ Իմ խորին համոզմամբ՝ ընկերությունը միայն լավ օրերի համար չէ...
© մի խումբ ցրիվ մտքեր