«Իրավունքը» թերթը գրում է.
«Եղանակային վատ պայմանների պատճառով շարունակում է փակ մնալ Վերին Լարսի ռուս-վրացական սահմանային անցակետը։ Արդեն Հայաստանի ուղղությամբ եկող մի քանի հարյուր ավտոմեքենաների կուտակումներ կան։ Իսկ դա խնդիր է հատկապես այս օրերին, հաշվի առնելով, որ այդ ապրանքները Հայաստանի սպառողական շուկայում անհրաժեշտ են ամանորյա գնումների առումով։ Այսինքն, անցակետի փակման պատճառով կարող է մեր ներքին շուկայում ներմուծվող մի շարք ապրանքատեսակների դեֆիցիտ առաջանալ որը, բնականաբար, կհանգեցնի թանկացումների։ Ինչքանով է այդ վտանգը ռեալ և ի՞նչ է հնարավոր անել՝ արհեստական թանկացումներից խուսափելու համար։ Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն սաֆարյանն այն կարծիքին է, որ պետք է հարցին գլոբալ լուծում տալ.

- Լարսի անցակետի փակումը Հայաստանում միշտ ստեղծում է լարված վիճակ, հատկապես առևտրի ոլորտում, քանի որ մեր բեռների մեծ մասը գալիս է հենց Լարսի անցակետով։ Որպեսզի նման բաներ չլիներ և մեր հույսը չդնեինք Լարսի անցակետի փակվելու կամ բացվելու վրա, պետք է ժամանակին մտածեինք ու չկորցնեինք հնարավորությունը։ Նախկինում մեզ երկու լաստանավ էին վաճառում, Եթե չեմ սխալվում 1,7-1,8 մլն դոլարով։ Այդ ժամանակ լաստանավերը պետք է ձեռք բերեինք և այսօր չէինք մտահոգվի Լարսի անցակետի փակմամբ, կկարողանայինք մեր բեռներն անխափան Հայաստան տեղափոխել։ Երկրորդը, բանակցելով Ռուսաստանի, Հարավային Օսեթիայի և Վրաստանի հետ, պետք է այլընտրանքային ճանապարհի խնդիրը լուծել։ Բացի այդ, պետք է փորձենք նաև օգտագործել իրանական ճանապարհը, որ բեռները գան դեպի Իրան, այնտեղից էլ Հայաստան։ Իսկ Լարսի ճանապարհն անխափան դարձնելու համար ժամանակն է, որպեսզի մտածեն դժվարանցանելի հատվածում թունել կառուցելու մասին, որի համար պետք է Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի ուժերը համախմբել։ Ինչ վերաբերում է ներմուծվող ապրանքների թանկացմանը, ապա, կարծում եմ, որ ՀՀ կառավարությունն այս օրերին պետք է ամեն ինչ անի, դա թույլ չտալու համար։ Նշեմ, որ կառավարության կողմից Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին արդեն տրվել են որոշակի ցուցումներ։ Նրանք պետք է մեր շուկայում ուսումնասիրեն ապրանքների վիճակը և թույլ չտան թանկացումներ»,–գրում է թերթը։
 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել