«Ո´վ դու Ամենակալ մեծանուն Տեր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա` յուրաքանչյուրին հատուցելու համար ըստ իր ճանապարհի և ըստ իր գործերի արդյունքի» (Եր. 32.19): Երեմիայի այս խոսքը պետք է առաջնորդի մեր մտորումները մեր կյանքի ընթացքի վերաբերյալ, որպեսզի մեր գործերի համեմատ հատուցումը դատապարտություն չլինի: Քանզի, երբ մեր բարի կամքով ու ձգտումով մեր քայլերն ընթանում են խաղաղության և արդարության ապահով ճանապարհներով, ուր չկա կեղծիք, խարդավանք և չարություն, այն ժամանակ կզգանք Աստծու խոսքի ողջ բովանդակությունը. «Նրանք ինձ համար ժողովուրդ կլինեն, իսկ ես նրանց համար կլինեմ Աստված» (Եր. 32.38):
Աստծու հայացքը միշտ մեզ և մեր գոյընթացի վրա է, և Նա հատուցելու է ըստ մեր գործերի: Այդ իսկ պատճառով Քրիստոսի հայացքի ներքո ապրել, հավատով ապրել չի նշանակում պարզապես Աստծու անունը տալով ապրել, այլ` մշտապես ու անդադար գտնվել Տիրոջ ծառայության մեջ և Նրա կամքի դրսևորման բարեբեր միջոց լինել բոլորի կյանքում:
Աստված ունենալ, աստծվածակիր լինել, Աստծով ապրել և Նրա զավակն ու ժողովուրդը լինել նույնն է, ինչ անխորտակելի մի վահան ունենալ, որ անկախ փորձության ձևից և չարի հարվածների ուժգնությունից՝ պիտի մեզ պաշտպանի: Իսկ ի՞նչ է մեզանից յուրաքանչյուրն այս կյանքում բաղձում, եթե ոչ` պաշտպանություն և ապահովություն...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/frvahram.melikyan/posts/498482970214987?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել