Lurer.com-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ պայմանավորվել է ամեն ինչ անել՝ ապահովելու Հարավային Կուրիլների նախկին ճապոնացի բնակիչների մուտքը կղզիներ:

«Պարոն վարչապետը երեկ դեռ առ դեմ զրույցի ընթացքում մեծ ուշադրություն դարձրեց դրան, ինձ փոխանցեց Ճապոնիայի այն քաղաքացիների նամակները, որոնք ձգտում են փոխգործակցել այդ կղզիների ռուսաստանցի քաղաքացիների հետ»,-ասել է նա Տոկիոյում Աբեի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Մենք պայմանավորվեցինք, որ ամեն ինչ կանենք, որպեսզի առավելագույնս ապահովենք նրանց ազատ մուտքը նույնիսկ այն շրջաններ, որոնք մինչ այժմ փակ են եղել նրանց համար»,-հավելել է ռուսական պետության ղեկավարը:

Պուտինը նաեւ նշել է, որ առաջարկել է սահմանել Սախալինի մարզի եւ Հոկայդո կղզու բնակիչների փոխադարձ ուղեւորությունների ռեժիմ:

ՌԴ նախագահը Ճապոնիայի հետ հաշտության պայմանագրի բացակայությունը համարել է ժամանակավրիպություն: Նրա խոսքով՝ ինքն ակնկալում է, որ Կուրիլներում համագործակցությունը կնպաստի հաշտության պայմանագրի շուրջ հետագա երկխոսության համար նպաստավոր մթնոլորտի հաստատմանը:

«Ինչպես հայտնի է, հաշտության պայմանագրի հարցը քննարկվում է արդեն ավելի քան 70 տարի: Պարզամտություն կլիներ ենթադրել, որ մենք կարող ենք միանգամից կարգավորել այն: Բայց այնպիսի լուծում փնտրելը, որը կհամապատասխաներ թե՛ Ռուսաստանի, թե՛ Ճապոնիայի ռազմավարական շահերին, եւ կընդունվեր երկու երկրների ժողովուրդների կողմից, անտարակույս, անհրաժեշտ է»,-հայտարարել է Պուտինը՝ ամփոփելով Աբեի հետ կայացած բանակցությունների արդյունքները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել