Հայկական բարձրավանդակի վրա ապրող մեր Ծուռը - մեր հոգին արթնացել է… Նրա ձայն աշխարհ է բռնել, ցարի ապարանք ու սուլթանի դուռ, ինգլիզի երկիր ու չինումաչին հասել: Աշխարհ նորից խառնվել է իրար: Եվ ամեն տեղ բոլորին նույն հոգսն է պատել – Ծռի ձեռներ օլորել, մեջքին կապել, բերան փակել, լեզուն լռեցնել: Թե չէ՝ Ծուռն էսպես գնա՝ իրենց հաշիվներ կխառնվեն, իրենց ճորտեր ոտքի կելնեն, կարգ ու դրվածք կքանդեն, աշխարհ կազատեն: Հայն արթնացել է…
Էսպես եղավ Առաջին աշխարհամարտի ժամանակ: Ծռի արյուն խաղաց, շունչ քաշեց, ազատության ուզեց - և երբ թուրքը որոշեց Ծռի արմատ կտրել՝ ֆրանկ, ռուս, ինգլիզ, գերման, մյուսներ մտքի մեջ ուրախացան, աչքեր փախցրին՝ իբր չեն տեսնում, որ Ծուռն արյունաքամ լինի, էս աշխարհի անարդար կարգն էլ հաստատ մնա… Փառք տանք էն արաբին – Իսմիլ Խաթունի կաթ մեր Ծուռ կերավ: Էն ամըրգացուն էլ բարի հիշենք՝ Ծռի սահման բարի է գծել…
Հիմա նորից Ծուռն արթնացել է: Ծուռն իր դերից, իր ուժից անտեղյակ է, բայց աշխարհի էսօրվա տերեր գիտեն՝ Ծռի տված գլխացավանք ուրի՜շ է, Ծռի տված վնաս ուրի՜շ է, էս աշխարհի կարգ կքանդվի, էս աշխարհ իրենց ձեռից կգնա: Ա՜յ աջպատես Նուլանդ, ա՜յ փափկասուն Օլանդ, ա՜յ արջուկես Պուտին, ա՜յ թխերես Օբամա, ա՜յ գերմանդուխտ Անջել՝ ի՞նչ եք խոսքերդ մեկ փնջել՝ շնորհավորում եք մեր Ծռին անպատված, հացն ու հոգին խլող, խորամանկ ու սիրտը դող՝ էս բռնապետին… Հետո կասեք՝ ժողովրրդավար եք, մարդավար եք – տո՜ ձեր ժողովրդավարություն, տո՜ ձեր մարդավարություն…
Ո՜վ հայոց Ծուռ, մեր Թլոր Դավիթ ազգ – է՛լ քեզ քնել չկա, է՛լ քեզ մեռնել չկա… Քո արև քո միամիտ սրտի մեջ է, քո բերդ քո սրտի մեջ – էլ չփնտրե՜ս, թե արևն աշխարհի որ կողմից է ծագում: Միայն զգույշ մնա՝ զավակներդ քեզ չխաբեն, խոտոր ճամփաներով չտանեն – միայն քո սրտին հավատա՜…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/3991434004772
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել