#ԱնկախությանՊատմություն 25 տարի առաջ
Սովետի վերջի ու ԱՊՀ-ի ստեղծման մասին մի քանի մտքեր (ոչ խոհափիլիսոփայական)։
- 91թ. դեկտեմբերի 8-ի որոշումից հետո մերոնք մտավախություն ունեին, որ Ռուսաստանի, Բելառուսի ու Ուկրաինայի ստեղծած միությունը կարող է դառնալ ԽՍՀՄ-ի ինչ-որ նոր տարբերակը։ Այդ մտահոգության մասին բարձրաձայնում էին բազմաթիվ քաղաքական ուժեր թե՛ իշխանությունից և թե՛ ընդդիմությունից։
- Հայկական կողմի տագնապները փարատելու համար Ռուսաստանը 91-ի դեկտեմբերի 18-ին ճանաչում է Հայաստանի անկախությունը։ Նույն օրը Հայաստանի անկախությունը ճանաչում և դիվանագիտական հարաբերություններ է հաստատում նաև Ռումինիան։ Դրանից հետո միայն մերոնք համաձայնում են քննարկել ԱՊՀ-ին միանալու հարցը։ Այս մասին 91-ին ասում էր Էդուարդ Եգորյանը։
- Արևմուտքի ամենա-ամենա-ամենամեծ մտահոգությունը ԽՍՀՄ-ի միջուկային ժառանգությունն էր։ Այդ պատճառով 91-ի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայի Հռչակագրի ստորագրումից բացի՝ ՌԴ-ն, Ուկրաինան, Բելառուսը և Ղազախստանը ստորագրում են միջուկային համաձայնագիրը։ Դրանով ԽՍՀՄ ամբողջ միջուկային զենքի պատասխանատուն դառնում է Ռուսաստանը։ Մյուս երեք հանրապետությունների տարածքում եղած ողջ զինանոցը 6 ամսում պետք է տեղափոխվեր Ռուսաստան և ոչնչացվեր։
- Միջուկային զենքի վերահսկողության երաշխիք ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերին անձամբ Ելցինն էր տվել։ Եթե հաշվի առնենք, որ դեկտեմբերի 18-20-ին Բեյքերը նույնպես Ալմա Աթայում էր, կարելի է եզրակացնել, որ միջուկային զենքի խնդիրը լուծելու դիմաց ԱՄՆ-ն խոստանում է ճանաչել թե առանձին հանրապետությունները, թե ԱՊՀ-ն։