Երեխային, եթե փոքր տարիքից դառնահամ կոնֆետ հրամցնես, տարիքի հետ քաղցրահամ կոնֆետը նա կմերժի:
Տարիներ շարունակ մենք շատ բացասական երևույթներ լեգիտիմիացրել ենք «ազատ կամարտահայտություն» անվան տակ: Տարիներ շարունակ մենք աչք ենք փակել այս կամ այն երևույթի վրա և ասել ենք՝ դա մեզ չի վերաբերում:
Ահա այդպես, տարիներ շարունակ պետական դավաճանությունը անվանել ենք «ազատ կամարտահայտություն», իսկ դրա հետ կապված երևույթներին մեկ պատասխան ենք ունեցել՝ «դա մեր գործը չէ»: Հիմա պետք չէ զարմացած աչքերով նայել աջ ու ձախ և մեղավորներ փնտրել, մենք դառնահամ կոնֆետը ներկայացրել ենք որպես օրինական երևույթ, մարդիկ էլ ընդունել են դա թե՛ երկրի ներսում, թե՛ դրանից դուրս:
Մենք ֆիքսվել ենք ՀԱՅՐԵՆԻՔ գաղափարի շուրջ, բայց մոռացել ենք ԱԶԳ, ԺՈՂՈՎՈՒՐԴ գաղափարները, դրա համար էլ Ադրբեջանի հետ կապ հաստատողները խոսում են ՀԱՅՐԵՆԻՔԻ փրկության մասին և դրանով ծածկում են ԱԶԳԻՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ հասցված վնասը: Տարիներ առաջ ընկերներիցս մեկը հետաքրքիր արտահայտություն արեց. «Ես ամբողջ աշխարհի համար ՀԱՅ եմ, Հայաստանում ՍՓՅՈՒՌՔԱհայ»: Ստացվում է՝ Մասիս փափագելը բոլորիս գործն է, բայց մեզ ՀԱՅ անվանելը Ֆրանսիացու կամ Աֆրիկացու՞:
Հ.Գ. Աղջիկը կամ տղեն գիշերը 3-ին դրսում հարբած քնած կլինեն, «դա մեր գործը չի», բայց մինչ այդ, երբ տեսնում ենք, որ բաժակը բաժակի ետևից են խմում, ձայն չենք հանում, որովհետև դա նրա «ազատ կամարտահայտությունն է», այ երբ, Աստված չանի, մահանում է, սկսում ենք քննադատել վարած կյանքը: