Armeniatv.am-ը գրում է.

Հիշո՞ւմ եք սպիտակ «Ռենո»-ն: Սրանով հունիսին Հայաստանում շրջում էր Սրբազան քահանայապետը: Դեռևս այն ժամանակ սոցիալական մեդիան քննարկեց Պապի, այսպես ասած, համեստ ընտրությունը` էկոնոմ դասի, ոչնչով աչքի չընկնող մեքենան: Հիմա այն գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մանկական պոլիկլինիկայում ու օգտագործվում է երեխաներին շտապ օգնելու համար:

Բժշկական կենտրոնը մեքենան ձեռք է բերել Պոնտիֆիկոսի այցից անմիջապես հետո: Տնօրեն Արա Մինասյանը համոզված է, որ Սրբազան քահանայապետին սպասարկած մեքենան կօգնի բժիշկներին Աստծո օգնությամբ ավելի արագ հասնել հիվանդներին:

Պապին սպասարկած մեքենան Բժշկական կենտրոնի միակ մեքենան չէ: 5 տարի առաջ կենտրոնը ձեռք է բերել առաջին մեքենան: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մանկական պոլիկլինիկայում հաշվառված է ավելի քան 20 հազար երեխա, որոնց անհրաժեշտության դեպքում այցելում են մանկաբույժները: Պոլիկլինիկայի բժիշկները դպրոցներում սպասարկում են 256 հաշմանդամություն ունեցող երեխաների: Այն Հայաստանում միակ պոլիկլինիկան է, որ ունի շտապ օգնելու հասնող մեքենաներ: Տնային կանչերը բավականին շատ են՝ օրական 5-6, պոլիկլինիկայի մեքենան արագ հասնելու և ժամանակը խնայելու համար է:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի աշխատանքներին ծանոթացել է Երևանի քաղաքապետը: Լինելով Երևանի ամենամեծը՝ Բժշկական կենտրոնն սպասարկում է ավելի քան 100.000 բնակչի: Տարոն Մարգարյանը ծանոթացել է վերջին տարիներին համաբուժարանի իրականացրած աշխատանքներին, զրուցել բուժանձնակազմի և բնակիչների հետ: Նա բարձր է գնահատել բուժօգնության առաջնային օղակի աշխատանքն արդյունավետ կազմակերպելու կենտրոնի հետևողականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել