Վիգեն Սարգսյանի ամփոփիչ ելույթը՝ կապված 1000 դրամների հետ, բավականին էմոցիոնալ էր՝ հաշվի առնելով նախարարի հոգեկերտվածքը, բայց միևնույն ժամանակ՝ նաև սպառիչ։ Էմոցիոնալ էր այն առումով, որ ԱԺ-ում հնչեցին նաև այնպիսի ելույթներ, որոնք ոչ միայն վիրավորանք ու ծաղր էին պարունակում իրենց մեջ, այլև պետության անվտանգության տեսանկյունից իրենց մեջ բազմաթիվ վտանգներ էին պարունակում։ ԱԺ ամբիոնը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնն է, ու թեպետ վաղուց այնտեղից ելույթ են ունենում մարդիկ, որոնց չարժե նույնիսկ տասը մետր մոտ թողնել ամբիոնին, այնուամենայնիվ, Պառլամենտը ստիպված է հանդուրժել այդ մարդկանց առնվազն մինչ հաջորդ գումարման նստաշրջան։ Հիմա բովանդակային մասով։ Հայաստանում քիչ են այն պաշտոնյաները, որոնք ունակ են ստանձնել անմիջական պատասխանատվություն ու իրենց ամբողջ քաղաքական կարիերան ու անցած ճանապարհը դնել դրա տակ։ Վիգեն Սարգսյանը դա արեց ու այդ առումով իսկապես խիզախ քայլ է։ Չպետք է հանդիմանել նրան միայն այն երևույթի համար, որ չպատասխանեց, դիցուք, Զարուհի Փոստանջյանի մեղադրանքներին։ Եվ նշեց՝ ինչու, որովհետև ցանկացած բանական մարդ այդպես կվարվեր։ Եվ, առհասարակ, ծռերաակտիվիստական մանրապատումներն ու բոլշևիզմը պետք է երբեմն արժանանան կոշտ արձագանքի, իսկ եթե հաճախ դրա համար բավարար չլինի նույնիսկ լուռ մնալը, ապա պետք է կոշտ, երբեմն կտրուկ ու չոր կերպով պատասխան ստանան։ Այն արդեն մեկ անգամ չարիք դարձել է պետության համար ու ոչ մի պարագայում երկրորդ անգամ տեղի չպիտի ունենա ու արժանանա հանրության անտարբերությանը։ Ինչ մնում է Վիգեն Սարգսյանին, ապա շանսերը գրեթե հավասար են․ կախված է նրանից՝ կհաջողի վերջինս, թե ոչ։ Ներիշխանական կոնֆիգուրացիաներն ու տարաձայնությունները, դրան գումարած նաև ըննդիմության որոշ շերտերի անվստահությունը, նրա համար հեշտ օրեր չեն խոստանում և սա, կարելի է ասել, Սարգսյանի առաջին լուրջ քննությունն է ՊՆ նախարարի պաշտոնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: