Armenpress-ը գրում է.
«Համակողմանի տարածքային զարգացման ծրագրերը և ռազմավարական պլանավորումը հանուն Հայաստանի մարզերի զարգացման» տարածքային զարգացման համաժողովը և տարածքային զարգացման ծրագրերի դրամաշնորհների ստորագրման արարողությունը կայացավ դեկտեմբերի 13-ին։ Պիլոտային Տարածաշրջանային Զարգացման Ծրագիր դրամաշնորհը (ՊՏԶԾԴ) ֆինանսավորվում է ԵՄ-ի և ՀՀ կառավարության կողմից, արժեքը կազմում է ավելի քան 9 միլիոն եվրո։ Նպատակն է բարելավել սոցիալ-տնտեսական իրավիճակը մարզերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը համաժողովի ժամանակ ասաց. «Եվրոպական հարևանության ծրագրով մենք այսօր սկիզբ ենք դնում պիլոտային տարածքային զարգացման դրամաշնորհային ծրագրին։
Տարածքային զարգացման տեսակետից կարևոր նախաձեռնություն է և շատ կարևոր է, որ այն գտնվում է Եվրոպական միության ուշադրության կենտրոնում և նրանց կողմից կա աջակցություն։ Մենք ակտիվորեն աշխատում ենք ԵՄ-ի հետ ավելի լայն համաձայնագրի կնքման շուրջ և այդ առումով աշխատանքները շատ հաջող կերպով են ընթանում։ Համաչափ զարգացման տեսակետից ևս կարևոր է քաղաքական փաստաթուղթը ստորագրելը»։ Նա նաև նշեց, որ այս պահին ՀՀ Կառավարությունը կարևորում է եվրոպական հարևանության ընդհանուր ուղեծրում նման քաղաքականության իրականացումը տարածքային զարգացման տեսակետից։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել ՝ ստեղծելու և բարելավելու տարածաշրջանային զարգացման քաղաքականությունը վաղ 2000-ականներից, ունեցել է մի շարք պիլոտային ծրագրեր և այս տարի հուլիս ամսին ընդունել է Հայաստանի տարածաշրջանային զարգացման ռազմավարությունը։



