Image result for վահե մակարյան ռուբիկ հակոբյանԱնկեղծ ասած՝ ես այն լրագրողներից չեմ, որոնց կարծիքով՝ երբ լրագրողը (կապ չունի՝ ով) որեւէ պաշտոնյայի կամ ոչ լրագրողի (կապ չունի՝ ում) հետ միջադեպի մեջ է հայտնվում, պարտադիր կարծում է, որ լրագրողն իրավացի է: Ինձ համար մի քիչ չէ, այլ ահագին ծիծաղելի է լրագրողական համերաշխություն կոչվածը, այն էլ հիմա, երբ պարզ չէ, թե ով է եւ ինչ է անում լրագրողը, մանավանդ լրատվամիջոցը: Եւ երբ իմ գործընկեր, «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանն ու ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայտնի պատմության մեջ ընկան, ես չեմ կարծում, որ լրագրողը հարյուր տոկոսով ճիշտ է, գուցե կարծեի, եթե այնտեղ լինեի, բայց այնտեղ չեմ եղել: Փոխարենը կարդացել եմ շատ ուշադիր, թե ինչ է ասում Վահեն, ինչ է ասում Ռուբիկ Հակոբյանը, եւ ինչ են ասում առհասարակ: Չմանրամասնեմ, բոլորս գիտենք, գոնե նրանք, ովքեր պետք է իմանան: Ինձ համար այս պատմության մեջ մեկ կարեւոր հարց կար, ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հարվածե՞լ է, կապ չունի Վահեին, կապ չունի լրագրողի, ՄԱՐԴՈՒ, հարվածե՞լ է, այն էլ ԱԺ-ի շենքում, իր աշխատանքային ժամին: Այս հարցի պատասխանը ստացա երեկ, երբ Ռուբիկ Հակոբյանը Ֆեյսբուքի իր պատին գրեց բառացիորեն հետեւյալը. «Նա (նկատի ունի՝ Վահեն) ծե՛ծ չի կերել, այլ հայհոյանքի դիմաց ստացել է մի ապտակ, որը, կարծում եմ, Վահեի համար հետագայում դաստիարակիչ նշանակություն կունենա՝ մարդկանց հետ շփվելիս»: Նախ՝ այս մեջբերումից ինձ մոտ առաջացավ այլ հարց, թե ինչու է պարոն Ռուբիկ Հակոբյանին թվում, որ ինքը պատասխանատու է մարդկանց, կոնկրետ Վահեի դաստիարակության համար՝ սա մեկ, եւ երկրորդ՝ ինչո՞ւ է Ռուբիկ Հակոբյանը վստահ, որ ապտակը կարելի է դիտարկվել որպես դաստիարակչական միջոց՝ չափահաս մարդու հանդեպ: Երբ ես այս վերջին հարցը փոքր-ինչ այլ ձեւակերպմամբ գրեցի Ռուբիկ Հակոբյանի հիշյալ գրության տակ, ինձ պատասխանեց մի օգտատեր բառացիորեն հետեւյալ բառերով. «Ոմանց՝ սադրիչներին, այո՛, և դեռ քիչ է: Նմանները լրագրող չեն ու չպետք է օգտվեն լրագրողներին վերապահվող իրավունքներից»: Չէ, որ ես համաձայն չեմ, դա այլ հարց է, կարեւորն այստեղ այն է, որ այս օգտատերի անունը, ուշադրություն, Նարինջ-Թուրինջ էր, համենայն դեպս Ֆեյսբուքում նա այս անվանմամբ է ներկայանում:
Ի դեպ, Ռուբիկ Հակոբյանը այդպես էլ չպատասխանեց իմ շատ անկեղծ հարցին, ինչպես ասում է ռուսը՝ ա ժալլ:
Քանի որ եթե ապտակով կարելի է դաստիարակել չափահաս մարդուն, որը սրիկա է, սադրիչ, խուժան եւ իրեն թույլ է տալիս հայհոյել ԱԺ պատգամավորին, ապա քանի՞ անգամ է Ռուբիկ Հակոբյանը ապտակել իր գործընկերներից ոմանց՝ ԱԺ-ի նիստերի ժամանակ, միջանցքներում, իր կամ նրանց կաբինետներում, դրսում, մի խոսքով...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել