168.am-ը գրում է.

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի անդամ, ամերիկահայ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը կոչ արել է աջակցել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի վրա գրաֆիտի արած երիտասարդներին, ովքեր ազատազրկվել են:  Թանկյանը միացել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ դեկտեմբերի 10-ին նշվող մարդու իրավունքների օրվան նվիրված «Գրիր իրավունքների հ ամար» (Write for Rights) ամենամյա արշավին և պահանջել ազատ արձակել Ադրբեջանում գրաֆիտիի համար ազատազրկված երիտասարդներ Բայրամ Մամեդովին և Գիյաս Իբրահիմովին:
 «Վանդալիզմ՝ այո, պանկ ռո՞ք: Անշուշտ, բայց 12 տարի ազատազրկո՞ւմ: Amnesty International-ի «Գրիր իրավունքների համար» արշավն աշխատում է: Խնդրում եմ, օգնեք»,- թիվթերյան իր էջում գրել է Սերժ Թանկյանը` կիսվելով արշավի կայքէջով:
 Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ Բայրամ Մամեդովը և Գիյաս Իբրահիմովը համարձակվել են քննադատել պետությանը խիստ հանրային ձևով: 2016 թվականի մայիսի 10-ին երիտասարդները ձերբակալվել են ու կալանավորվել` թմրանյութերի հետ կապված կեղծ մեղադրանքներով: «Եթե նրանք մեղավոր ճանաչվեն դատարանի կողմից, նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում: Նրանք խղճի բանտարկյալներ են»,- ասված է կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել