Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ այցելել է Գիտությունների ազգային ակադեմիա, հանդիպել գիտական կազմակերպությունների ղեկավարներին, հորդորել գիտնականներին բիզնես անել գիտության միջոցով:
Հանդիպմանը ներկա գտնվող Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը նշել է, որ իրենք պատրաստ են մշակել զբոսաշրջային ծրագրեր, որոնք կօգնեն իրացնել մեր երկրի պատմամշակութային ներուժը:
Այս համատեքստում վարչապետը որպես գովազդային նոր բրենդ առաջարկել է կիրառել 6000 տարվա պատմություն ունեցող Շենգավիթը, որի հնագիտական արժեքներն այսօր գտնվում են Երեւանում:
Կարծում եմ՝ Զբոսաշրջության պետական կոմիտեն իսկապես անելիք ունի այն հարցում, որ աշխարհին պատմի Շենգավիթի մասին, ներկայացնի այնտեղի հնագիտական արժեքները՝ այսկերպ մասնավորապես ուշադրություն հրավիրելով Երեւանի վրա, որը, ի դեպ, հիմնադրվել է շուրջ 30 տարի ավելի վաղ, քան Հռոմը:
Շենգավիթի գրագետ գովազդումը, ինչ խոսք, կավելացնի Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը, որոնք վստահաբար հիացած կհեռանան պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող մեր երկրից: