2016թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.8% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 28.5% գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.2-28.5% գնաճ, 4-ում` 1.5-0.1% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության  հրապարակած տվյալների համաձայն՝ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում  2016թ. նոյեմբերին 2015թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 2.9% գնանկում, իսկ 2016թ. հոկտեմբերի համեմատ՝ 28.5% գնաճ: 2016թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սնկի՝ 2.7%, կարտոֆիլի՝ 3.6%, գլուխ սոխի՝ 5.4%, կանաչ սոխի՝ 9.0%, սխտորի՝ 9.8%, խառը կանաչեղենի` 23.9%, կանաչ պղպեղի՝ 37.0%, կանաչ լոբու՝ 37.7%, ծաղկակաղամբի՝ 38.9%, լոլիկի՝ 1.9 անգամ, վարունգի՝ 1.9 անգամ, սմբուկի 2.6 անգամ գնաճ:
Միաժամանակ, կաղամբի գինը նվազել է 8.1%-ով, ճակնդեղինը՝ 8.0%-ով, գազարինը՝ 1.4%-ով:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ մրգի ապրանքախմբում  2016թ. նոյեմբերին 2015թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 17.7%, իսկ 2016թ. հոկտեմբերի համեմատ`2.1% գնաճ: 2016թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է տանձի՝ 8.8%, դեղձի՝ 18.2%, խնձորի՝ 20.9%, խաղողի 36.1% գնաճ: Դրան զուգընթաց, մանդարինի գինը նվազել է 27.8%-ով, կիտրոնինը՝ 15.4%-ով, նռանը՝ 12.2%-ով, նարնջինը՝ 11.5%-ով, արքայանարնջինը՝ 10.3%-ով, ընկույզի միջուկինը՝ 4.4%-ով, ադամաթզինը՝ 2.5%-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել