Վառելիքի գների տատանումը իր ուրույն ազդեցությունն ունի տնտեսության մի շարք ոլորտների վրա: Այն կարող է ստեղծել ինչպես բարենպաստ, այնպես էլ անբարենպաստ իրավիճակ նաև ներդրումային դաշտի համար:
Ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ կարելի է ասել, որ դիզելային վառելիքի և բենզինի գները Հայաստանում նվազել են:
Եթե առաջինի դեպքում նվազումը կազմել է 2.9 տոկոս, ապա այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բենզինի գնանկումը կազմել է 3.5 տոկոս:
Չնայած այն հանգամանքին, որ տարին ամփոփելը դեռևս վաղ է, այնուամենայնիվ, կարելի է համադրել այս տարվա ցուցանիշները 2015 թվականին արձանագրված արդյունքների հետ:
Այսպիսով՝ այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են ՝ համապատասխանաբար 15.8 և 21.8 տոկոսով, իսկ 2015 թվականի դեկտեմբերի համեմատ` 15.2 և 21.4 տոկոսային կետով: