Էմրե Ազիզլերի նկարահանած թուրքական բանակի և միասեռականների մասին «Վարդագույն վկայական» The Pink Certificate) ֆիլմը կցուցադրվի BBC-ի եթերում:
Ֆիլմում հեղինակն անդրադարձել է թուրքական բանակում միասեռականների խնդրին և նկարագրել այն բարդությունները, որոնք կրում են նրանք` իրենց սեռական կողմնորոշումն ապացուցելու համար:
«Դա պարզապես նվաստացուցիչ է»,- փաստել է լրատվամիջոցը:
Թուրքիայում տղամարդկանց համար զինվորական ծառայությունը պարտադիր է: Ծառայությունից ազատվելու համար թուրքերը կամ պետք է հիվանդ լինեն, կամ հաշմանդամ, կամ էլ միասեռական: Սակայն սեռական կողմնորոշումը դեռ պետք է ապացուցվի մինչ ծառայության մեկնելը: Ահմեդ անունը ստացած մի երիտասարդ օրինակ, պատմել է, թե ինչպես են իրեն ստիպել ապացուցել իրականությունը:
«Ինձ հարցրին, ֆուտբոլ սիրում ե՞ս, ապա հարցրեցին` կանացի հագուստ կրում, կամ օծանելիք օգտագործում ե՞ս: Ավելի ուշ պահանջեցին, որ ես կանացի հագուստով նկար ներկայացնեմ: Ես հրաժարվեցի, սակայն ներկայացրի լուսանկար, որտեղ ես համբուրվում էի ընկերոջս հետ և դա ընդունվեց», - պատմել է Ահմեդը:
«Տարիների ընթացքում միասեռականները Թուրքիայի մեծ քաղաքներում ավելի ակնհայտ են երևում: Ստամբուլում օրինակ նման այցելուների համար ակումբներ և սրճարաններ են բացվել, իսկ անցյալ տարի այստեղ «գեյ շքերթ» է անցկացվել: Սակայն Թուրքիայում միասեռականները լավ չեն ընդունվում, իսկ ծառայությունից խուսափելու համար ստիպված են լինում տարբեր եղանակներով ապացուցել իրենց սեռական կողմնորոշումը:
Գյոքհան անունով մեկ այլ երիտասարդ BBC-ին պատմել է, որ իրենից սեռական ակտը պատկերող լուսանկարներ են պահանջել:
«Թուրքիայում որոշ մարդիկ կարծում են, որ գեյերը երջանիկ են, քանի որ ծառայությունից խուսափելու համար պատճառ ունեն: Նրանք ստիպված չեն օրինակ ձմռան ցրտին քրդերի դեմ պատերազմել: Սակայն Թուրքիայում միասեռականությունը չթաքցնող տղամարդկանց կյանքը հեռու է «հեշտ» կոչվելուց», - ասվում է ֆիլմում:



