www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Մի անգամ մոլորակի երկինքը ցնցվեց սարսափելի երկրաշարժից: Երկնքից մի աստղ պոկվեց ու ընկավ օվկիանոսի հատակը: Չնայած նրան շրջապատող ջրին՝ նրա միջի բոցը չմարեց, և այդ պատճառով էլ աստղը շարունակեց փայլել: Օվկիանոսի հատակում բնակվող ձկները առաջին անգամ կարողացան տեսնել իրենց այնպիսին, ինչպիսին որ կային, և նրանց տեսածը իրենց բոլորովին էլ դուր չեկավ: Աստղի հետ համեմատվելը անխուսափելի էր: Աստղի հզոր ցոլքերի կողքին, նրանք իրենց ոչնչություն էին զգում: Նախանձից բորբոքված՝ նրանք իրենց երախների մեջ կեղտ էին հավաքում և թափում անծանոթի վրա, որպեսզի ծածկեն նրան կեղտի մի հաստ շերտի տակ և թաքցնեն դրա տակ նրա ցոլքերը: Աստղը սկսեց ամաչել ինքն իրենից, քանզի նրա գոյության իմաստը ուրիշների ճանապարհը լուսավորելն էր: Ժայռի մեջ մի քարանձավ գտնելով՝ նա թաքնվեց այնտեղ: Ժամանակի ընթացքում քարանձավը լցվեց բազմաթիվ գարշելի արարածներով, որոնք պարուրեցին նրան և իրենցով փակեցին Աստղին: Այսպես անցավ մի հավերժություն, և մի գեղեցիկ օր քարանձավ մտավ մի արարած, ով պատված էր սև թեփուկներով: Նա նպատակասլաց ներխուժեց քարանձավ, և գտնելով կենտրոնը՝ այնպիսի հզոր մի ճառագայթ գցեց, որ խրտնեցնելու աստիճան վախեցրեց այնտեղ գտնվող բոլոր մակաբույծներին:
-Ո՞վ ես Դու, չքնաղ արարած, և ինչպե՞ս ես կարողանում գոյատևել այս դժոխքի մեջ՝ պահպանելով քո փայլը, - հարցրեց խեղճացած Աստղը:
-Ես նույնպիսի Աստղ եմ, ինչպես դու: Երկնային փոթորիկը վայր նետեց ինձ ծովը, որտեղ ես հասկացա, որ շարունակելով փայլել ես միայն ինձ թշնամիներ եմ ձեռք բերում: Եվ եթե ուզում եմ բարի գործ անել, ապա պետք է քողարկեմ այդ փայլը: Գնանք ինձ հետ: Մի մտածիր, որ եթե քեզ վանում են, ապա դու արժեք չունես: Քեզ վանում են, որովհետև չգիտեն և չեն հասկանում, թե ով ես դու: Երբ չկա իմացություն, որտեղի՞ց պետք է լինի սերը:
Մայքլ Պարկես «Կախարդական գարուն» 2012