Անցավ տագնապը, անցավ կոտորածը, ժողովուրդը մոռացավ բոլորը։ Կրկին սկսվեցավ սովորական վշտալի կյանքը։
Բայց մի երիտասարդ չէր կարող մոռանալ այդ բոլոր գազանային անգթությունները։ Նա տեսնում էր այն գեղեցիկ երկիրը, ուր ահռելի ամրոցների փլատակները, ուր հոյակապ վանքերի բեկորները, ուր պալատների փշուրները, ուր ամեն մի լեռ, ամեն մի գետ հիշեցնում էին նրան հայ մարդու վաղեմի փառքը։ Իսկ այժմ ի՞նչ էր մնացել։ — Մի ստրուկ ժողովուրդ, որը, կարծես, հավիտենական անեծքով դատապարտված, մի լավ օր տեսնելու բախտ չուներ։ Նրա վաստակը ձեռքից խլում էին, նրան ամեն կերպ տանջում էին, նա մինչև անգամ իր կնոջ, իր զավակների տերը չէր։ Նա տեսնում էր հայ իշխաններին, որոնց պարսիկները մելիքներ էին կոչում, որոնց վրա էր դրված ժողովրդի հոգաբարձությունը, որոնք պետք է սրբեին նրա արտասուքը և դարման տանեին խեղճ գյուղացու դառն ցավերին։ Բայց միմյանց հետո անհաշտ, անվերջ թշնամություններով, այդ իշխանները ավելի իրանք էին ծանրացնում ժողովրդի սարկության լուծը։ Մատնությունը, միմյանց դավաճանելը, միմյանց վնասելը նրանց ամենօրյա գործն էր, իսկ մեջտեղում ոչնչանում էր ողորմելի ժողովուրդը։ Եվ եթե կային նրանց մեջ այնպիսիները, որոնք ճշմարիտ սիրում էին ժողովուրդը, սիրում էին հայրենիքը և ցանկանում էին նրա թշվառ դրությանը մի ճար անել, բայց ընդհանուր անկարգության, ընդհանուր ապականության մեջ նրանց եռանդը թուլանում էր, նրանց իղձը իրանց սրտում խեղդվում էր։
Երիտասարդը իր չորս կողմը տեսնում էր թե հոգեկան և թե բարոյական խորին դատարկություն։ Նա աչք էր դարձնում դեպի Էջմիածինը, դեպի ընդհանուր հայոց Մայր Աթոռը, այնտեղ ևս միևնույն անկարգություններն էր նկատում, — միաբանների մեջ երկպառակություն, կաշառք, մատնություն, դավադրություն և ամեն ինչ, որ սուրբ չէ, որ անարգ է, որ զզվելի է․․․ Էջմիածինը այդ ժամանակ գտնվում էր օսմանցիների իշխանության ներքո։ Համադանցի Աստվածատուր կաթողիկոսը, խույս տալով Էջմիածնի խռովություններից, ծածուկ թափառում էր Արարատա գյուղերում։ Էջմիածնի աթոռը մնացած էր թափուր, որ պատճառ էր տալիս ավելի սաստիկ խռովությունների։ Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանը այդ ժամանակ զբաղված էր «ֆրանկների» (հայ կաթոլիկների) խնդրով։ Հովհաննես «Կոլոտ» (կարճահասակ) մականվանյալ պատրիարքը արգելում էր հայ-կաթոլիկներին լուսավորչականների եկեղեցիները հաճախել։ Հայ-կաթոլիկները դեռ առանձին եկեղեցի չունեին։ Կրոնական երկպառակությունները, Կ․ Պոլսի ֆրանսիական դեսպանի և լատինական եպիսկոպոսի մեջ մի կողմից, իսկ հայոց պատրիարքի մեջ մյուս կողմից, պահում էին մայրաքաղաքի հայ ժողովրդին անընդհատ կռիվների մեջ։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը զբաղված էր սուրբ Հակոբա տաճարով․ կռիվները հույն և լատին աբեղաների հետ վերջ չունեին։ Այստեղ, Արարատյան նահանգում արյուն և արտասուք էր հոսում, իսկ այնտեղ զբաղված էին եկեղեցիներով․․․
Երիտասարդը իր շուրջը չէր գտնում ոչ մի մխիթարական երևույթ, բացի հայրենիքի լեռներից և անտառներից, որոնք, կարծես, խուլ կերպով ասում լինեին նրան․ «Ե՜կ, ե՜կ, մեր գրկում քեզ համար լավ տեղ կա․ բռնակալի ձեռքը այնտեղ մուտք չէ գործում․․․»։
Ո՞վ էր այդ երիտասարդը, ո՞վ էր այդ ցնորամիտը, որ այն ժամանակվա ընդհանուր խռովությունների, ընդհանուր բարբարոսությունների մեջ, մոռացած իր անձը, միայն հայրենիքի, միայն ժողովրդի վրա էր մտածում։
Րաֆֆի, Դաւիթ Բէկ:
Նյութի աղբյուր՝ http://lernci.livejournal.com/467283.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել