10. Կոդեքս սերաֆինիուս
Կոդեքս սերաֆինիուսը իտալացի նկարիչ, ճարտարապետ Լուիջի Սերաֆինիի կողմից գրված և նկարազարդված մի գիրք է, որը ստեղծվել է 30 տարվա ընթացքում (1976-1978 թվականներին): Գիրքը ունի մոտ 360 էջ (կախված հրատարակչությունից) և իրենից ներկայացնում է չվերծանված լեզվով գրված հանրագիտարան, որը պատմում է մի անծանոթ աշխարհի մասին: Նկարները շատ հաճախ իրենցից ներկայացնում են մեր աշխարհի տարբեր առարկաների սյուրռեալիստական ծաղրանկարները: Դրանցից են, օրինակ, արնահոսող միրգը, աթոռի նմանվող բույսը, սիրով զբաղվող զույգը, որը կերպարանափոխվում է ու դառնում ալիգատոր և այլն: Բացի այդ՝ կան նաև պատկերներ, որոնք նմանվում են քարտեզների կամ մարդկանց դեմքերի: Մյուս կողմից, հատկապես՝ «ֆիզիկա» բաժնում, շատ նկարներ ընդհանրապես աբստրակտ են: Բոլոր պատկերները վառ գունավորված են և հարուստ են դետալներով: Կոդեքսը գրված է մի տարօրինակ այբուբենով, որը, չնայած լեզվաբանների բոլոր ջանքերին, հնարավոր չէ կարդալ և թարգմանել: Այն Սերաֆանիի ամենահայտնի աշխատանքն է, որը սյուրռեալիստական է, գեղեցիկ և միաժամանակ տարօրինակ:
9. Ինդա հովտի գիրը
Ինդա հովտի գիրը (հարապպյան գիրը) սիմվոլների կարճ շարք է, որը սովորաբար կապում են հնդկական հովիտներում բնակվող քաղաքակրթությունների հետ: Այն օգտագործվել է հարապպյան ժամանակաշրջանի ընթացքում՝ մ.թ.ա. 26 – 20-րդ դարերում: Չնայած բոլոր փորձերին՝ հարապպյան գիրը մնում է չվերծանված: Հիմքում ընկած լեզուն հնարավոր չէ պարզել, հիմնականում երկլեզու բացատրությունների բացակայության պատճառով: Տարիներ շարունակ տարբեր գաղտնազերծման մեթոդներ են առաջարկվել, սակայն նրանցից և ոչ մեկը չի պսակվել հաջողությամբ:
8. Դիսպիլիոյի տախտակը
Դիսպիլիոյի տախտակը, որը հայտնի է նաև դիսպիլիոյի սուրբ գիր կամ դիսպիլիոյի սկավառակ անվանումներով, իրենից ներկայացնում է մի փայտե տախտակ, որի վրա փորագրված են տարբեր նշաններ: Այն թվագրվում է մ.թ.ա. 5260 թվականին և հայտնաբերվել է 1993 թվականին Հունաստանի Դիսպիլիո գյուղի շրջակայքում՝ Գեորգ Հուրմուզիադիսի կողմից: Այս տախտակի հետ հայտնաբերվել են նաև սպասքի պարագաներ, փայտե իրեր, սերմեր, ոսկորներ, արձանիկներ, զարդեր, ֆլեյտաներ (որոնցից մեկը Եվրոպայի ամենահին ֆլեյտան է և թվագրվում է մ.թ.ա. 6-րդ դարին): Ամենաարժեքավոր գտածոյի՝ դիսպիլիոյի տախտակի սիմվոլները մինչև օրս վերծանված չեն:
7. Վինչա գիրը
1875 թվականին հնագետների մի խումբ, որը գլխավորում էր հունգարացի հնագետ Զսովիա Թորմայիան, Տուրդասում՝ Ռումինիայում, հայտնաբերեց տարբեր առարկաներ, որոնց վրա փորագրված էր մինչ այդ անծանոթ մի լեզվով: Հետագայում՝ 1908 թվականին, այդպիսի առարկաներ հայտնաբերվեցին նաև Բելգրադում (Սերբիա) և ապա Բելգրադին հարող տարածքներում: Մինչ օրս միայն Սերբիայում հայտնաբերված են 150 վինչա գրով առարկաներ, և այդ ամբողջ տարածաշրջանի մշակույթը անվանվում է վինչա մշակույթ: Չնայած որ ենթադրում են, որ վինչան իրենից ներկայացնում է գրային համակարգ, բայց այն չի համապատասխանում ո՛չ այբուբենով գրին, ո՛չ վանկագրին, ո՛չ պատկերագրին և ո՛չ էլ այլ հայտնի գրային համակարգերի: Գրերի վերծանման վերաբերյալ առկա տեսություններից գլխավորողը այն է, որ գրերը օգտագործվել են կրոնական նպատակներով: Ենթադրում են, որ այս գրերը սկսել են կորցնել իրենց նշանակությունը Բրոնզե դարի սկզբում, որը պայմանավորված է եղել կրոնի, ինչպես նաև հասարակության կազմակերպման ձևի փոփոխությամբ:
6. Սինգապուրի քարը
Սինգապուրի քարը ժայռի մի հատված է, որը հայտնաբերվել է 1843 թվականին՝ Սինգապուրի գետի գետաբերանում: Ենթադրում են, որ սալիկը թվագրվում է 10-13-րդ դարերին և գրված է կա՛մ հին ճավայերենով, կա՛մ սանսկրիտով: Սալիկը հնարավոր է իրենից ներկայացնում է 14-րդ դարում ապրած լեգենդար Բադանգի 2 գերեզմանաքարերից մեկը, որոնք ռաջայի պատվերով կանգնեցվել էին նրա գերեզմանի վրա: Այս քարը այժմ գտնվում է Սինգապուրի ազգային թանգարանում և համարվում է Սինգապուրի 11 ազգային հարստություններից մեկը:
5. Վոյնիչի ձեռագիրը
Վոյնիչի ձեռագիրը գրվել է 15-րդ դարում և կազմված է ավելի քան 240 մագաղաթյա էջերից, որոնք մեծամասամբ նկարազարդումներով են: Չնայած որ ձեռագիրը ունի շատ հավանական հեղինակներ, լեզուն, որով այն գրվել է, մնում է դեռևս անհայտ: Այն բնութագրվել է որպես «աշխարհի ամենախորհրդավոր ձեռագիր»: Ենթադրում են, որ վոյնիչի ձեռագիրը գրվել է հատուկ գաղտնագրերի միջոցով, որոնք փորձել են վերծանել բազմաթիվ արհեստավարժ գաղտնազերծողներ, այդ թվում նաև նրանք, ովքեր գաղտնազերծում էին Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների գաղտնագրերը: 2009 թվականին Արիզոնայի համալսարանի հետազոտողների կողմից C14 նշագրումով կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ ձեռագիրը 95% հավանականությամբ ստեղծվել է 1404-1438 թվականներին:
4. Բիբլոս վանկագիրը
Բիբլոս վանկագիրը, որը հայտնի է նաև կեղծ-հիերոգլիֆային գիր, պրոտո-բիբլիան, պրոտո-բիբլիկ անվանումներով, պաշտոնապես չվերծանված գրային համակարգ է, որի 10 օրինակներ հայտնաբերվել են Բիբլոսում: Այս գիրը հատվել է բրոնզի կամ փորագրվել քարերի վրա: Հայտնաբերվել է Մորիս Դունանդի կողմից 1928-1932 թվականներին և սովորաբար թվագրվում է մ.թ.ա. երկրորդ հազարամյակին (մ.թ.ա. 18-15-րդ դարեր):
3. Բեյլի գաղտնագիրը
Բեյլի գաղտնագիրը իրենից ներկայացնում է գաղտնագրված թվերի ամբողջություն, որոնցից մեկը իբր թե ցույց է տալիս 65 մլն դոլար արժողությամբ գանձերի թաղված լինելու վայրը, մնացած երկուսը նկարագրում են գանձի պարունակությունը և գանձի տերերի անունները: Երեք գաղտնագրերի պատմությունը սկսում է 1885 թվականից, երբ Թոմաս Ջեֆերսոնը, Վիրջինիայում 1820 թվականին թաղելով գանձը, նրա մասին եղած տեղեկությունները փոխանցում է Ռոբերտ Մորիսին և անհետանում: Իսկ Ռոբերտ Մորիսը դրանք փոխանցում է իր ընկերոջը: Ընկերը շուրջ 20 տարիների ընթացքում փորձում է վերծանել գաղտնագրերը, բայց կարողանում է գաղտնազերծել միայն մեկը: Հետագայում այդ թվերը հրապարակվում են, և բազմաթիվ փորձեր են կատարվում դրանց բացահայտման համար, սակայն ոչ մի փորձ հաջողությամբ չի պսակվում:
2. Կիտանական գիրը
Կիտանական գիրը մահացած կիտանական լեզվի գրային համակարգն է, որը օգտագործվել է 10-12-րդ դարերում՝ Հյուսիս-արևելյան Չինաստանում գտնվող Լիաո կայսրությունում: Գոյություն է ունեցել գրի 2 տարատեսակ՝ մեծ և փոքր գրերը: Դրանք միմյանցից գործառապես անկախ են եղել, բայց միասին են գործածվել: Լիաո կայսրության անկումից հետո կիտանական գիրը մի քանի տասնամյակ դեռ օգտագործվել է ջուրջենների կողմից, մինչ ստեղծել են սեփական գիրը: Կիտանական գրի օրինակներ կարելի է գտնել դամբարանների և արձանների վրա: Շատ գիտնականներ գտնում են, որ այս գիրը մինչև վերջ վերծանված չէ, ինչպես նաև կիտանական լեզվի եղած մասին գիտելիքները շատ աղքատ են:
1. Կասկաջալի սալիկը
Կասկաջալի սալիկը սերպանտինիտի ուղղանկյունաձև քար է, որը ներկայացնում է վաղ Նոր Աշխարհի գրային համակարգը և թվագրվում է մ.թ.ա. առաջին հազարամյակին: Սալիկի վրա պատկերված են 62 սիմվոլներ, որոնցից որոշները ներկայացնում են բույսեր, օրինակ՝ եգիպտացորեն կամ անանաս, որոշները՝ կենդանիներ՝ միջատներ, ձկներ: Սիմվոլների մեծ մասն արկղեր են կամ փոքր պարկեր: Կասկաջայի սալիկի վրա պատկերված սիմվոլները նման չեն միջին Ամերիկայում հայտնի գրային համակարգերից և ոչ մեկին: Սիմվոլներից յուրաքանչյուրը համարվում է ինֆորմացիայի առանձին միավոր, քանի որ նրանց դասավորությունը սալիկի վրա կանոնավոր չէ: