Aysor.am-ը գրում է.
Վարչապետ Կարեն Կարապետյանը գյումրեցիներին խոստանում է՝ ռեալ կանգնելու է բոլոր այն նախաձեռնությունների կողքին, որոնք ունենալու են գործընկեր:
«Կողք ենք կանգնելու այն նախաձեռնություններին, որն ասում է՝ «ես էս եմ անում, դու էս արա, որ էֆեկտ ունենանք»», - Գյումրիում հայտարարեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը համայնքների ղեկավարներին հստակ խնդրանք ուղղեց՝ «ուշադիր լինեն իրենց համայնքի բյուջեի պլանավորմանը:
«Կարծում եմ՝ մի օր վերջանալու է այն պահը, որ մենք ինչքան խեղճ լինենք, ինչքան վիզներս ծուռ լինի, այնքան օգնությունը շատ է լինելու», - նշեց Կ. Կարապետյանը:
Նրա խոսքով՝ կան համայնքներ, խնդիրներ, որ, անկախ տնտեսական վիճակից, նրանց կողքին են լինելու:
«Երկրաշարժի պրոբլեմը, սահմանամերձ գյուղերը, այնտեղ մենք որևիցե այլ տնտեսական տրամաբանությամբ չենք ուղղորդվելու, այլ նայելու ենք, որ մեր մուսկուլների, մեր կարողությունների չափով անենք», - ասաց նա:
Կարեն Կարապետյանը շեշտեց՝ բոլոր մնացած տեղերում, որտեղ որ համայնքապետը ղոչաղ ձևով կգա ու կասի ՝«ես էս եմ արել, դու արի էսպես արա, որ էսպես լինի», իրենք այդ համայնքի կողքին կանգնած են:
«Մենք դրանով փորձելու ենք ոգևորել բեռ վերցնող, «նագրուզկա» վերցնող համայնքապետերին, համարձակ գաղափար ունեցող, իրար կողքի կանգնած ֆերմերներին, գործարարներին, մեկս մյուսին քոմակ անելով էս երկիրը պետք է դզենք, ուրիշ տարբերակ չկա, որևիցե մեկը չի գալու մեր երկիրը մեր փոխարեն սարքի», - շեշտեց վարչապետը:



