Lurer.com-ը գրում է.
Առնվազն 92 մարդ է զոհվել 6,4 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է Sky News Australia հեռուստաալիքը:
Ինդոնեզիայի Աչեխի նահանգի զինված ուժերի հրամանատարի խոսքով՝ երկրաշարժի հետեւանքով տուժել է շուրջ 300 մարդ, 73-ի վիճակը գնահատվում է՝ ծանր: Փրկարարների տեղեկատվության համաձայն՝ տարերքն ավերել է առնվազն 125 տուն, 105 ոչ բնակելի շինություն եւ 14 մզկիթ:
Ավելի վաղ տեղեկացվել էր 54 զոհվածների մասին:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 05:03-ին (Երեւանի ժամանակով ժամը 02:03-ին): Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ դրա էպիկենտրոնը գտնվում էր ինդոնեզական Սումատրա կղզու հյուսիսային ափի Բանդա-Աչեխ քաղաքից 92 կիլոմետր արեւելք ընկած շրջանում: Օջախը 10 կիլոմետր խորության վրա էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: