Երբ պարապմունքն ավարտեցինք ու հանդերձարանում հագնվելով դուրս եկանք դպրոցի միջանցք, զարմացանք քար լռությունից: Հետո նկատեցինք, որ դպրոցի ողջ ուսուցչական ու աշակերտական կազմը դրսում էր...
Դուրս գալով դպրոցի բակ՝ իմացանք, որ երկրաշարժ է եղել: Բայց ոչ ոք պատկերացում այնտեղ չուներ, թե իրականում ինչ արհավիրք է եղել Հայաստանի հյուսիս-արևելքում...
Ողջ օրը կցկտուր լուրեր լսեցինք: Պաշտոնական աղբյուրները ոչինչ չէին հայտնում: Երեկոյան, երբ Մոսկվայից միութենական «Վրեմյա» հաղորդումով հայտնեցին, նոր իմացանք իրականությունը: Դրանից հետո նոր հանրապետական լրատվամիջոցները սկսեցին ներկայացնել արհավիրքի մասին ողջ ճշմարտությունը...
Ցնցված էինք իրականությունից: Կործանվել և ավերվել էին Հայաստանի 2-րդ և 3-րդ քաղաքներ Լենինականն ու Կիրովականը, այլ քաղաքներ ու գյուղեր: Սպիտակի մասին ասում էին, որ չի մնացել քար քարի վրա...
Հաջորդ իսկ առավոտից Երևանում սկսեցին օգնության մեկնող խմբեր կազմել: Կազմակերպչական աշխատանքները հիմնականում աշխատանքային կոլեկտիվներում և թաղամասերի ԲՇՏ (ЖЭК)-երում էին ընթանում:
Դասընկերներով որոշեցինք տնից փախնել և մենք էլ մասնակցությունն ունենալ: Բայց տարիքային սահմանափակում կար: Կարծեմ 16 թե 18 տարեկանից էին թույլատրում ընդգրկվել փրկարար խմբերում:
Բայց մենք փորձեցինք խցկվել մեկնող ավտոբուսներից մեկը և գնալ: Շարժվելուց առաջ ստուգում ու գրանցում էին մեկնողների անվանական տվյալները: Ես իմ տարիքի համեմատ խոշորակազմ ու մեծ էի երևում, հանգիստ նստել էի ավտոբուսի վերջին նստարաններից մեկին: Դասընկերներիս՝ Սարգիսին, Վահրամին և Արտակին իջեցրեցին ավտոբուսից՝ տարիքային անհամապատասխանության համար: Ես գրանցվեցի որպես ավելի տարիքավոր, և չնկատեցին, որ չեմ համապատասխանում: Ինձ հետ թաքուն միայն Emil Ghukasyan-ը կարողացավ գալ, քանի որ իրեն թաքցրել էի ավտոբուսում՝ որպես օգնություն տարվող բրդյա ծածկոցների (одеяла) տակ, և մինչև քաղաքից դուրս գալը ոչ ոք չնկատեց: Հետո ուշ էր արդեն, ամայի ճանապահի կեսին չէին իջեցնելու և հետ ուղարկելու:
Հասանք Գյումրի... Աննկարագրելի էր այն, ինչ տեսանք... Առ այսօր հիշում եմ քաղաքի ավերակ տեսքը: Անջնջելի տպավորություն մնաց այդ օրերից՝ փողոցներում խնամքով կողք-կողքի շարված անհաշիվ ծածկված դիակները, որոնք հանվել էին փլատակների տակից, և ամեն քայլափոխի դարսված դատարկ դագաղները ...
Մենք օրնիբուն աշխատում էինք նասկի-գուլպեղենի ֆաբրիկայի ու հարակից բնակելի շինությունների ավերակների վրա: Գրեթե չէինք սնվում: Հիշում եմ, որ այդ օրերին կերել եմ միայն մածուն, բուլկի ու «բուխանկա» հաց, որը մեքենաներով օրը 1-2 անգամ բերում ու բաժանում էին աշխատող մարդկանց: Գիշերները գրեթե չէինք քնում: Չնայած քնելու տեղ էլ չկար: Ոչ ոք չէր համարձակվում քնել կիսաավերակ ու դեֆորմացած մնացած շինություններում: Ահավոր սառնամանիք էր նաև: Բայց քնել պետք էր: Եվ այդ ժամանակ լուծումը գտնվեց: Վերցրինք փողոցում դարսված դագաղներից մի քանի հատ, մեզ հատկացված աշխատանքային տարածքի մոտ տեղադրեցինք, «չուլոչնիի» փլատակներից հանեցինք կիսաֆաբրիկատ գործվածքներ և կծիկներով գործելու թելեր, լցրեցինք դագաղների մեջ, պառկելով՝ մի մասն էլ լցրեցինք մեզ վրա ու այդպես հերթափոխով որոշ ժամեր կարողացանք քնել:
Չեմ ուզում հիմա նկարագրել, թե ինչ արեցինք, ինչ տխուր ու սարսափելի տեսարաններ տեսանք աշխատելիս:
Հա, հիշեցի, որ մի օր ես էլ պետք է դժբախտ պատահարի զոհ դառնայի: Փլատակներից մեկի վրա աշխատելիս ոտքիս տակ գտնվող երկաթբետոնե սալիկը հանկարծ կոտրվեց, և պետք է հայտնվեի փլատակներից մեկի տակ բացված խորշի մեջ: Բայց օդում ինձ հասցրեց մի մարդ բռնել և կասեցնել անկումս: Հետո, երբ լուսավորեցինք ոտքիս տակի փլուզումից տեսանելի խորշը, պարզվեց, որ տակը, դեպի վեր ցցված բազմաթիվ մետաղաձողեր կային, որոնք դուրս էին ցցվել կոտրատված պանելների միջից: Պատկերացրի, թե ինչ կլիներ, եթե այդ մարդը չհասցներ բռնել ինձ...
Մի խոսքով՝ մի քանի օր աշխատելուց հետո, երբ արդեն ուժասպառ էինք դարձել բոլորս, դեկտեմբերի 12-ին ուղարկեցին հետ՝ Երևան: Գիշերը հասա տուն: Երբ մտա, ծնողներս մոտեցան և տխուր հայացքով շնորհավորեցին ինձ, քանի օրը չէր փոխվել: Այդ օրը՝ դեկտեմբերի 12-ին, լրացավ 15 ամյակս...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10211754531926833?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1481088852895521
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել