Շատ է խոսվում ՀՀ արտաքին պարտքի և դրա գոյացման պատճառների մասին: Վերջին տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը կազմում է 4 մլրդ 543 մլն դոլար: Սա լուրջ խնդիր է մեր երկրի համար, բայց դրա լրջությունը գնահատելով՝ «սայլը» տեղից չենք շարժի: Պետք է նախ հասկանալ պատճառները: Օրինակ, եթե համաշխարհային ճգնաժամի և դրան հաջորդած տարվա ընթացքում արտաքին պարտքի ավելացումը պայմանավորված էր ծախսերի կրճատում և սոցիալական վիճակի սրում թույլ չտալով, ապա վերջին երկու տարիներին՝ տնտեսական ակտիվության խթանման անհրաժեշտությամբ:
Այսպիսով, ըստ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի՝ տարեվերջին Հայաստանի արտաքին պարտքը կհասնի ՀՆԱ-ի 49 տոկոսին: Հաշվի առնելով 0,4 տոկոսանոց տնտեսական աճի տեմպը՝ արտաքին պարտքի հետագա հախուռն աճը կարող դառնալ ռիկսային: Նմանօրինակ զարգացումներից խուսափելու համար գործադիրն այս հարցում սկզբունքորեն նոր դիրքորոշում է որդեգրել՝ վերցնել առավել ռացիոնալ և արդյունավետ վարկեր և դրանցով իրականացնել ծրագրեր, որոնք կապահովեն չափելի ցուցանիշներ: Այս մասին դոնոր կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Կարեն Կարապետյանը: Նա նշել է, որ պետք է քննարկել ու հաստատել խաղի այն կանոնները, որոնք հետագայում առնչվելու են վարկերի հետ՝ ֆինանսավորող ծրագրերի առաջնահերթությունները որոշելու համար:
Այստեղից կարելի է եզրակացնել, որ դրսից վարկեր վերցնելը չպետք է դառնա խնդիրներին կարճաժամկետ լուծում տալու հեշտ, բայց վճարման ծանր բեռ և բարդություններ ստեղծող ճանապարհ: Առաջնահերթություն պետք է տալ ենթակառուցվածքների հիմնանորոգման, բիզնեսների վարկավորման ծրագրերի, որոնք կոնկրետ արդյունք են խոստանում, խթան են հանդիսանալու տնտեսական աճի համար: Պետք է հնարավորինս սահմանափակել իրական արդյունք չապահովող՝ խորհրդատվության, տարբեր ոլորտներում կառուցվածքային բարեփոխումների և նմանատիպ այլ ծրագրեի ֆինասավորումը, որոնք փաստացի չափելի արդյունք չեն ապահովում:
Այսպիսով՝ փոքր, բայց նպատակային վարկերի միջոցով հնարավոր կլինի խուսափել վարկային բեռի ավելացումից՝ ավելի քիչ ռեսուրսներով խթանելով տնտեսական ակտիվությունը: