Բաքուն թույլ չի տվել ՀՀ-ով Սիրիա թռչող ռուսական Իլ-76-ին անցնել իր տարածքովPanARMENIAN.Net-ը գրում է.

Ադրբեջանի օդային իշխանությունները թույլ չեն տվել ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 օդանավին, որն ուղևորվում էր ՀՀ «Էրեբունի» ռազմակայան, անցնել իր օդային տարածքով: Ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Սոչի:

Ինչպես կարելի է դատել հրամանատարական կետի և օդաչուի միջև խոսակցություններից, որոնք հրապարակել է բլոգեր GalandecZP-ն, ինքնաթիռը Հայաստանով Սիրիա էր ուղևորվում, գրում է NEWsru.com-ը:

«Երևան հասնել չեք կարող: Ադրբեջանը չի թույլատրում: Թռիչքն արգելված է»,-ասել է կարգավարը: Հետո ինքնաթիռի անձնակազմը հրաման է ստացել վերադառնալ Սոչիի օդանավակայան:

Սոչի վերադառնալու հրահանգը Իլ-76-ը ստացել է Ռոստովի օդային տարածքում: Այժմ օդանավն արդեն վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում:

Ռուսական ինքնաթիռները 2015-ի սեպտեմբերին ռազմական տեխնիկա են տեղափոխել Սիրիա Հայաստանի և Իրանի տարածքով: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ իր օդային տարածքը Սիրիա թռչող ռուսական ինքնաթիռների համար փակել են Բուլղարիան և թուրքիան և որ ռուսական ինքնաթիռները թռչելու են ՀՀ և Իրանի տարածքով, ոչ թե Հունաստանի ու Բալկանների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել