Երբ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի աշխատակիցները նորածին երեխաների մայրերին հարցրել են, թե ինչու են երեխաներին բարուրում, գերակշիռ մասը պատասխանել է, թե իրենց այդպես են ասել սկեսուրները: Մայրերի կարծիքով՝ բարուրած երեխան չի մրսում, ոտքերն էլ ուղիղ են լինում:
Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նեոնատալոգ Հովհաննես Ղազարյանը ճիշտ հակառակն է պնդում: Ըստ նրա` բարուրած երեխան ավելի շուտ է մրսում, քանի որ չի շարժվում, էներգիա չի արտադրում, եւ մարմինը սառում է: Բժիշկը հորդորում է չբարուրել երեխաներին, քանի որ նրանց մոտ կարող են առաջանալ կոնքազդրային հոդախախտումներ:
«Ծննդաբերող կինն իր հետ հիվանդանոց է բերում բարուրաշորեր եւ բուժաշխատողների անկեղծ կամ կեղծ հորդորները, որ պետք չէ երեխային բարուրել, չի լսում: Խնդիրն առկա է հատկապես ավանդապաշտ ընտանիքներում, որտեղ սկեսուր մայրիկի խոսքն ավելի առաջնային է»,- ասում է Հ. Ղազարյանը:
«Ավանդապաշտ» ընտանիքներում կտրուկ արգելված է նաեւ մինչեւ 40 օրը լրանալը երեխային զբոսանքի տանելը՝ պատճառաբանելով, թե երեխային զերծ են պահում վիրուսներից: «Մենք չենք ասում` երեխային տարեք մարդաշատ վայրեր, կարելի է ամեն օր ընդամենը 5-10 րոպե մաքուր օդի հանել»,- ասում է Հովհաննես Ղազարյանը:
Բժիշկը մայրերին նաեւ խորհուրդ է տալիս ձերբազատվել երեխայի պորտը մշակելու արատավոր սովորույթից, իհարկե, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա:
«Չեմ ժխտում, որ կգտնվեն բուժաշխատողներ, որոնք պորտ մշակելու միջոցով կփորձեն ցույց տալ իրենց «բարձր» կարգը, բայց պետք է հասարակությանը ցույց տանք, որ պորտ մշակելը վտանգավոր երեւույթ է»,- նշում է Հ. Ղազարյանը: