Իրանի գերագույն դատարանը ուժի մեջ է թողել գործարար Զանջանիի մահապատիժըAysor.am-ը գրում է.

Իրանի գերագույն դատարանը հաստատել է մահապատիժը, որին մինչ այդ դատապարտվել էր հանրահայտ գործարար Բաբաք Զանջանին, որը մինչեւ վերջերս համարվում էր երկրի ամենահարուստ մարդը։ Այս մասին ISNA գործակալությանը հայտնել է դատարանի նախագահի տեղակալ Գոլյամ Ռեզա Անսարին, փոխանցում է ТАСС-ը։

Նրա խոսքով նավթային գործարքների իրականացման ժամանակ խաբեությունների գործով մահապատժի դատապարտված մյուս երկու մեղադրյալների գործը կրկնակի քննության է ուղարկվել։

Sorinet Group կորպորացիայի սեփականատեր Բաբաք Զանջանիի կարողությունը գնահատվում էր 15 մլրդ դոլար։ 2013-ի վերջին միլիարդատիրոջը կալանավորել էին, իսկ 2016-ի մարտին դատարանը նրան մահապատժի էր դատապարտել։

Գործարարին մեղադրում են խաբեությունների մեջ, որոնց հետեւանքով պետությունը մոտ 3 մլրդ դոլարի չափով վնաս է կրել։ Քննության տվյալներով Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցների ժամանակաշրջանում Զանջանին, որը կատարում էր Իրանի Նավթի նախարարության թրեյդերի դերը, յուրացրել է խոշոր գումարներ, որոնք պետք է փոխանցվեին Իրանի ազգային նավթային ընկերության հաշվեհամարներին։

2012-ին ԱՄՆ-ն ու ԵՄ երկրները Զանջանիին ընդգրկել էին «սեւ ցուցակում», որտեղ այն գործարարներն էին, որոնք շրջանցում էին իրանական նավթի առեւտուրը ու իրանական բանկային ոլորտը սահմանափակող պատժամիջոցները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել