Հայ-ռուսական ռազմական համագործակցությունն իր յուրօրինակ զարգացումն է ստացել համատեղ միացյալ զորախմբի ստեղծման վերաբերյալ պայմանագրի կնքումով, ինչն արդեն իսկ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Որոշ փորձագետների կարծիքով սա ՀՀ ինքնիշխանության դեմ ուղղված ոտնձգություն է: Չեմ բացառում, որ Ռուսաստանի ԶՈՒ համար իսկապես կարևոր է ավելի խորը փոխգործակցություն ունենալ մեր զինված ուժերի անգամ առանձին ստորաբաժանումների մակարդակում: Որքան գիտեմ, չորրորդ բանակային կորպուսի պատասխանատվության գոտին Նախիջևանի հետ սահմանն է և դրա ընտրությունը զորախմբային գործընկերության տեսանկյունից ուշագրավ է նաև այդ պատճառով՝ ռուսական կողմը հրապարակավ մշտապես ընդգծում է իր ռազմաքաղաքական չեզոքությունն Արցախյան հակամարտության համատեքստում, և միանգամայն հասկանալի է, որ Մոսկվան ցանկություն չի ունեցել նման համագործակցություն ծավալել մեր այն բանակային կորպուսների հետ, որոնք մեր արևելյան սահմանների պաշտպանության խնդիրն են լուծում և կարող են ներքաշվել արցախյան ճակատում հնարավոր մարտական գործողությունների մեջ: Դրան հակառակ՝ Նախիջևանը կարող է դառնալ թուրքական ինչ-ինչ ռազմական նախաձեռնությունների ակտիվացման օջախ և այս ուղղության վրա հայ-ռուսական համատեղ զորախմբի ներդաշնակեցված գործողությունները կարող են արդյունավետ լինել: Կարծում եմ, որ մենք պետք է լրջորեն դիտարկենք ինչպես ինքնիշխանության կորստի հետ կապված մտահոգություններն, այնպես էլ նախիջևանյան ուղղության առանձնահատկություններից բխող վտանգներն ու հնարավոր առավելությունները:
Ոչ մի ռազմական բախում չի կարող մեր շահերից բխել՝ Հայաստանի առջև ծառացած խնդիրները միանգամայն հնարավոր է լուծել քաղաքական, դիվանագիտական միջոցներով: Սակայն, անշուշտ, հնարավոր է նաև այնպիսի իրավիճակ, երբ կարող է հրահրվել այլոց շահերի սպասարկումն ապահովող պատերազմ, որին ստիպված կլինեն մասնակցել նաև մեր զինված ուժերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել