Ֆանտաստիկ մի պատմվածք կար, ուսանող ժամանակ կարդացվածներից էր, որտեղ ապագայի հասարակություն էր նկարագրվում։ Ո՛չ անունն եմ հիշում, ո՛չ հեղինակին (Բրեդբերիի վրա եմ կասկածում. իր ոճն է)։ Մարդիկ իրենց տներում սովորական պատերի փոխարեն հեռուստապատեր էին դնում ու ըստ նախապես գրված սերիալների սցենարի՝ սկսում իրենց դերը կատարել՝ պատերի էկրաններին ապրող հերոսների հետ շփվելով, խոսելով, նախօրոք մտածված հարցերին նախապես մտածված պատասխաններ տալով։
Մտածում եմ՝ հիմի մենք ենք. առավոտյան զարթնում ենք, սկսում ենք հեռախոսի հետ խոսել, հետո մեքենայում, կարմիր լույսի տակ կանգնած էլի էդ 150 գրամանոց ապրանքի հետ ենք շփվում, հետո աշխատավայրում հայացքներս հառում ենք միջինը մի 1000 քառակուսի սմ մակերեսով տափակ հարթության ու խոսում ենք, լսում, զայրանում, զարմանում, գրգռվում, սիրահարվում, արհամարհում, ատում, բամբասում, բամբասում, բամբասում, ֆլիրտ անում, ըմբոստանում, կայֆավատ լինում, կայֆավատ լինում, կայֆավատ լինում...
Սցենարի մասը եթե չկա էլ, շուտով կլինի. ամբոխների կառավարման նման հնարավորությունը բաց թողնողը ծայրահեղ հիմար պիտի լինի։
Հ.Գ. Ի դեպ՝ «խնջույք ժանտախտի ժամանակ» ծեծված արտահայտությունը առաջարկում եմ փոխարինել ավելի արդիական՝ «կայֆավատ խոզի գրիպի ժամանակ» արտահայտությամբ։
Նյութի աղբյուր՝ http://ovanitas.livejournal.com/66431.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել