Զբոսաշրջիկների թիվը աճել է 3.6%-ով
Զբոսաշրջության ոլորտը վերջին տասը տարիների ընթացքում ստաբիլ աճ է արձանագրում Հայաստանում: Բացվում են տարատեսակ զբոսաշրջային կենտրոններ և հյուրանոցներ ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև ՀՀ մարզերում:
Վերջին տարիներին առկա է նոր հյուրանոցային տնտեսության օբյեկտների նկատմամբ պահանջարկի զգալի աճ և հյուրանոցաշինության ուղղությամբ ներդրումային ակտիվութուն: Ներկայումս ՀՀ տարածքում գործում է 340 հյուրանոցային տնտեսության օբյեկտ: Նշված օբյեկտների 36%-ը գտնվում է Երևանում, իսկ 64%-ը՝ ՀՀ մարզերում:
Այս տարի շահագործման է հանձնվել հյուրանոցային տնտեսության 4 օբյեկտ: Մոտ ապագայում նախատեսվում է շահագործման հանձնել ևս մի քանի հյուրանոց` ապահովելով լրացուցիչ ավելի քան 500 հյուրանոցային համար:
Զբոսաշրջության ոլորտի առաջխաղացումը ուղղակիորեն արտահայտվում է զբոսաշրջիկների թվի աճով: Մասնավորապես՝ այս տարվա առաջին ինը ամիսներին Հայաստան է ժամանել 969 հազար զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 3.6%-ով: